Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուստեք խեղաթյուրված իրականություն

Մայիս 22,2025 10:00

Կրկնվող օրինաչափություն է. հանդիպում են ՀՀ եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, փոխադարձ հավաստիացումներ են հնչում, որ մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, եւ որ Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական կուրսը: Բայց նման հանդիպումներից քիչ անց ՀՀ իշխանության ներկայացուցիչները եւ իշխանությանը կից «արեւմտամետները» հայտարարում են ճիշտ հակառակը՝ Ռուսաստանն ամենեւին էլ մեր դաշնակիցը չէ եւ ավելին՝ այստեղ մեր պետականության դեմ աշխատող գործակալական ցանց է պահում եւ մեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում:

Ընդ որում, հետաքրքիր է, որ «դաշնակից լինելու» մասին թեզը հերքվում է ոչ միայն իշխանության, այլեւ ռուսամետ ընդդիմության կողմից, որը փորձում է մեզ հավաստիացնել, թե Պուտինն այնքան է ջղայնացել Փաշինյանի վրա, որ վաղը կամ մյուս օրը կձեռնարկի նրան գահընկեց անելու գործընթացը: Այս պարագայում հավանաբար ցանկալին մատուցվում է որպես իրականություն:

Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նույնիսկ Արման Բաբաջանյանը կամ Տիգրան Խզմալյանը դառնան Հայաստանի վարչապետ, միեւնույն է, մեր երկիրն առանձնապես հնարավորություն չի ունենա փոխելու իր արտաքին քաղաքական կուրսը: Հռետորաբանության մակարդակով՝ այո, կարող է ասվել ամեն ինչ:

Մյուս կողմից՝ Պուտինի եւ նրա մերձավոր շրջապատի համար Փաշինյանը, հնարավոր է, այնքան էլ համակրելի կերպար չէ: Բայց միաժամանակ, միանգամայն ձեռնտու է՝ Ռուսաստանի ծրագրերի իրականացման համար:

Հարց է, սակայն, թե որոնք են իրականում Ռուսաստանի ծրագրերը՝ Հարավային Կովկասում, եւ արդյո՞ք դրանք համաձայնեցված չեն թուրքական ծրագրերի հետ: Եվ գուցե Փաշինյանը հենց այն մարդն է, որի վրա դրված է այդ ծրագրերի իրականացման պարտականությունը:

Շահագրգռված կողմերի մեկնաբանները, ինձ թվում է, պրիմիտիվացնում են իրականությունը (գուցե՝ ակամա), եւ իրավիճակը ներկայացնում են պլյուսի եւ մինուսի անհաշտ պայքար, որտեղ Հայաստանը տեսնում են որպես բեւեռներից մեկին հարող մի փոքրիկ մասնիկ:

Իսկ ի՞նչ կասեք, եթե պարզվի, որ մեր հարցում այդ բեւեռների միջեւ հակասություններ չկան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ says:

    Խնդրում եմ տալ հստակ սահմանում Ձեր կողմից,չակերտների մեջ վերցրած արեւմտամետ ձևակերպմանը,
    տարընթերցումներից խուսափելու համար։ Դուք նաև դաշնակից լինել արտահայտությունն եք վերցրել չակերտների մեջ, ստացվում է, եթե չակերտները հանենք, ոչ դաշնակից լինելու թեզը ,հերքում են թե ռուսական իշխանությունը,թե ընդդիմությունը։
    Շնորհակալություն։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վստահ չեմ, որ ճիշտ հասկացա Ձեր հարցը: Բայց փորձեմ պատասխանել: «Արեւտամետները» հայաստանյան այն գործիչներներ են, որոնք կարծում են, որ Փաշինյանին քծնելու լավագույն ձեւը ռուսներին հայհոյելն է: Հաճախ դա արվում է, կարծում եմ, իշխանության պատվերով: Արեւմտյան, եվրոպական իրական արժեքների հետ դա որեւէ կապ չունի, դրա համար էլ այդ բառը վերցնում եմ չակերտների մեջ: Իսկ «դաշնակից» բառը պարզապես մեջբերում է Լավրովի եւ Միրզոյանի վերջին ելույթներից. եւ դրա համար է չակերտներում: Շնորհակալություն ակտիվ մեկնաբանելու համար:

  2. Հ.Շ. says:

    Փութինին համար, Փաշինյանը գլխացաւ է: Սակայն նա հարկադրաբար յարմարեցաւ կացութեան, քանի որ փաստօրէն ՀՀում ռուսամէտ քաղաքական ուժերը՝ թոյլ, անզօր, անկարող եւ խայտառակ դուրս եկան: Դրա համար էլ արդէն, ակնյայտ է որ Փութինը այլեւս այդքան ալ «ջերմ» չէ՝ Քոչարյանի նկատմամբ: (Չնայած, եթէ նա – պատահմամբ – յաջողի վերադառնալ իշխանութեան, էլի կը գրկախառնուին: )

    Եւ ուրեմն, այո, տեսնելով թէ ուրիշ ճար չկայ, իր բնորոշ, անմարդկային վարպետութեան, Փութինը սկսաւ ի նպաստ իրեն օգտագործել ՀՀի Գերագոյն Յիմարը:

    Իսկ ՀՀի արեւմտապաշտները (որոնցմէ շատերը, խորքին մէջ, անկեղծ ու ճիշդ են…) տեղ չհասան, պարզապէս քանզի Արեւմուտքը չի ուզում՝ ՀՀ-ին: Իր ինչինա՞ պէտք, այդպիսի երկիր մը…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031