Արցախի Սահմանադրությամբ Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման համար սահմանված է 7-օրյա ժամկետ, եւ ոչ ուշ, քան գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում Արցախի Ազգային ժողովը պետք է նախագահ ընտրի։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Արդեն հայտնի է, որ Արցախի Ազգային ժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստ է անցկացրել եւ Արցախի ԱԺ նախագահ է ընտրել Աշոտ Դանիելյանին։ Ներկայում Արցախի նախագահի լիազորությունները, ժամկետի լրանալով պայմանավորված, դադարեցվել եւ փոխանցվել են Արցախի ԱԺ նախագահին։
Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ Սամվել Շահրամանյանի թեկնածությո՞ւնն է քննարկվում միայն։ Ի պատասխան նա ասաց, որ դեռ փակագծեր չեն բացում։ «Մեր սահմանադրական կարգավորումներով արդեն կարեւոր փոփոխություն արել ենք, այն է՝ Արցախի նախագահի ինստիտուտի պահպանումը։ Եվ համարում ենք, որ դա գլխավորն է, որը մենք կարողացանք անել։ Ոչ դասական քաղաքական իրավիճակում գտնվելու պայմաններում մենք մնացած հարցերը տեխնիկական ենք դիտարկում։ Եվ դեռեւս ընդամենը մեկ օր է անցել, որ նախագահի լիազորությունները դադարեցվել են եւ անցել ԱԺ նախագահին։ Ըստ Սահմանադրության՝ 7 օրվա ընթացքում թեկնածուներ են առաջադրվելու, ոչ ուշ, քան 10 օրը, Արցախի Հանրապետության նախագահն արդեն պետք է ընտրվի։ Հետեւաբար, այս պահին հստակ որեւէ բան չեմ կարող ասել, կլինի պաշտոնական հաղորդագրություն։ Կրկնում եմ, որ մենք չենք գտնվում դասական քաղաքական իրավիճակում, հետեւաբար, այն ընթացքը, որը կարող էր լինել, եթե մենք Արցախում լինեինք, չեմ կարծում, որ կլինի։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ հիմա շատ կարեւոր է ինստիտուտի պահպանումը։ Այո, ցանկացած հարց, ինչպես Արցախի ԱԺ նախագահի հարցում ստացվեց, պետք է լուծվի կոնսենսուսով»,- ասաց նա։
Հարցին, թե քաղաքական ուժերի մոտ կոնսենսուս կա՞ Արցախի նախագահի թեկնածուի հարցով, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Դեռեւս քննարկումների փուլում ենք, ավարտական փուլն է։ Կարծում եմ, որ խելամտությունն ամենաբարձր մակարդակում կլինի, քաղաքական կամ անհատական ամբիցիաներ չեն լինի, եւ այդ հարցը եւս կոնսենսուսով կկարգավորվի»։
Հարցին, թե այլ թեկնածուներ կառաջադրվե՞ն, այդ հարցը քննարկվո՞ւմ է, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Եթե կլասիկ իրավիճակ լիներ, այո, այլ թեկնածուներ կառաջադրվեին, բայց եթե մենք այս իրավիճակում ենք․․․ Իհարկե, թեկնածուներ կարող են առաջադրվել, բայց ոչ թե ով կուզի, այլ խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել։ Արցախի Ազգային ժողովում կա 5 խմբակցություն, հետեւաբար, կարող է լինել նաեւ 5 թեկնածու։ Յուրաքանչյուր խմբակցություն ըստ կանոնակարգի կարող է առաջադրել իր թեկնածուին»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ