Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ սովորեք, որ լավ ապրեք: Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների հետևից. Ժաննա Անդրեասյանի ուղերձը

Մայիս 23,2025 11:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, երբ ես ավարտում էի դպրոցը, մի պիես էի գրել մեր դասարանի մասին՝ նկարագրելով մեր դպրոցական կյանքի մի օրը։ Յուրաքանչյուրն այնտեղ խոսում էր իր մասին՝ իրեն բնորոշ հույզերով ու բառերով։ Վերջին զանգին մենք չբեմադրեցինք պիեսը, որովհետև մտածեցինք՝ այն շատ անսովոր է, ոչ ոք այդպես չի անում, և իրականում վերջին զանգը պետք է լինի քառյակներ առ մեր ուսուցիչները՝ համեմված մի քանի երգով։

Միշտ չէ, որ սովորականը նաև ճիշտ է։ Վերջին զանգը ձեր մասին է՝ ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են՝ իրենց խորհուրդներով և ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար. ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։

Այդ հույզերի մեջ կան ձեր ընկերները՝ միասին անցկացրած օրերի ջերմությամբ։ Ձեր համատեղ դասերն ու նախագծերը, էքսկուրսիաները և ուղղակի միասին անցկացրած ժամանակը ժպիտների, արցունքների, ծիծաղի, շփոթվածության ու գուցե նաև վախերի ժամանակ է։ Ջերմ գրկեք ձեր ընկերներին։

Այո՛, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կընտրեք՝ ձեր մասնագիտությամբ և զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։

Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից՝ սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է՝ ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլև էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։

Բարի՜ երթ։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031