ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև ամպային ծառայությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Ամպայինն առաջինը» (Cloud First Policy) քաղաքականության իրագործման ընթացքում ընկերության աջակցությունը:
Կարդացեք նաև
Փոխնախագահ Ջեֆֆ Բարրը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի տարբեր մակարդակում համագործակցության արդյունքները և վերահաստատել AWS-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարությանը։
Քննարկման հիմնական թեմաներից էր նաև AWS Outposts-ի ներդրումը Հայաստանում՝ տարածաշրջանային ամպային կայունության շարունակական ապահովման համար։ AWS ընկերության ներկայացուցիչները կարևորել են պետական և մասնավոր հատվածների կողմից մեծ պահանջարկը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը՝ դառնալու ժամանակակից թվային հարթակ և ընդլայնելու իր դերը էլեկտրոնային առևտրի էկոհամակարգում։ Ընկերությունն ակտիվորեն ուսումնասիրում է ամպային միգրացիայի հնարավորությունները AWS ընկերության հետ համագործակցությամբ և ցանկանում է ինտեգրվել Amazon հարթակին՝ հնարավորություն ունենալով դառնալու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրություն