Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

«Գյումրին ծուղակ է․ 2026-ի ընտրությունները իշխանությունների համար լինելու են կյանքի և մահվան պայքար»․ Վազգեն Մանուկյան

Մայիս 24,2025 13:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գյումրին ծուղակ է, ԱԺ ընտրությունները դրա նման չեն լինի։ 2026-ի ԱԺ-ի ընտրությունները իշխանությունների համար լինելու են կյանքի և մահվան պայքար, և այն, ինչ չարեցին Գյումրիում, իշխանություններն անելու են։ Դա իշխանություն, փող կորցնելու, ամեն ինչ կորցնելու հարցն է։ Այդտեղ իրենք գնալու են մինչև վերջ»,- Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։

Նրա կարծիքով՝ 2026-ի ընտրություններն էապես տարբերվելու են 2021-ի ընտրություններից․ «2021-ին կար շարժում, պատերազմից հետո իշխանությունների մեջ մեծ վախ կար ժողովրդից, և այդ շարժումը իշխանությանը մտցրել էր բունկեր։ Եվ իրենք գտան փրկության միակ ձևը՝ ընտրություններ հայտարարելն էր, բայց, եթե ընդդիմությունը չգայթակղվեր ու ասեր՝ դեմ ենք ընտրություններին, շարունակելու ենք պայքարը, լրիվ ուրիշ իրավիճակ կունենայինք հիմա։ 2021-ի ընտրությունն առանց ընդդիմության համաձայնության տեղի չէր ունենա, 2026-ի ընտրությունն ուզենք, չուզենք տեղի է ունենալու»։

Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ միայն անձին փոխելը հարց չի լուծի․ «Պետք է ժողովրդին համոզես, որ այն ճանապարհը, որով գնում են այս իշխանությունները, մեզ տանում է անկում։ Պետք է ստեղծվի համազգային ճակատ, որի խնդիրը Նիկոլ Փաշինյանին քցելը չէ, այլ որ այդ ճանապարհն է թելադրում դա։ Եթե այդ ճակատը չկա, իմպիչմենտը փակուղի է, ընտրությունը փակուղի է։ Այն, որ առանց շարժման իմպիչմենտ չի կարող լինել, բոլորիս է հասկանալի»։

Խոսելով Ադրբեջանի վարած քաղաքականության մասին՝ Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ալիևը շատ լավ է աշխատում աշխարհի հետ հասարակական կարծիք ձևավորելու համար։ Ծախսում է միլիարդներ դրա համար։ Բայց մենք ունենք սփյուռք, որը կարող է անել դա առանց այդ միլիարդների, բայց մենք դա չենք օգտագործում։ Արցախի հարցի հետ միասին պետք է լինի նաև գերիների վերադարձի հարց։ Պետք է ձևակերպել այդ ամենը։ Պետք է աշխարհին ցույց տանք, որ լի ենք վճռականությամբ, պետք է լինի մի հռչակագիր, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական-հասարակական կազմակերպությունները, ամբողջ ժողովուրդը, որ ասեն՝ այս է մեր ճանապարհը, և այդ ճանապարհին առաջին քայլն իշխանություններից ազատվելն է։ Իշխանությունների մասին շատ չեմ ուզում խոսել։ Մեկն ասում է՝ տգետ, մեկն ասում՝ դավաճան, ծախված։ Տեսնում եմ օրեցօր վատացում, կորուստներ։ Պարզ է՝ իշխանություններին պետք է փոխել, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, որպեսզի մենք լինենք միասնական, պետության նախկին կառավարումը մեզ չի բավականացնի։ Նախկին կառավարման մեջ սովորական ժողովուրդը, տղաները ծառայում էին բանակում, գնում պատերազմ, մի քանի հոգի հարստանում էին։ Եթե մենք միասնական ենք, ուրեմն ներսում պետք է լինի արդարություն, բոլորը նույն պատասխանատվությունը պետք է ունենան։ Եթե պետությունը մի բան շահեց, շահածը հասարակությանը պետք է լինի, ոչ թե մի քանի մեծահարուստների։ Եթե մենք նման կառուցվածք չունենք, ժողովուրդը երբեք միասնական չի լինի։ Իշխանությունն ու փողը կպատկանեն մի քանի հոգու, իսկ դարդն ու ցավը՝ մյուսներին»։

Անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Վազգեն Մանուկյանն այսպիսի կարծիք հայտնեց․ «Մենք դաշնակիցներ ունենալու ժամանակ պետք է հաշվի չառնենք, թե իրենց ներսում ինչ պատկեր է, այլ հաշվի առնենք այն, որ եթե այդ պետության ու մեր շահերը համընկնում են, կարող ենք իրար օգտակար լինել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031