«Ցավոք, մեր կուսակցության գաղափարները չդարձան հանրության մեծ զանգվածների սեփականությունը՝ նաև անկախության առաջին տարիներին իշխանությունների կողմից այդ գաղափարների՝ բառացիորեն ոտնահարման պատճառով։ Բայց այդ ամենի ականատեսը եղանք ու շարունակում ենք լինել վերջին տարիներին։ Ոչ թե անկախության վեհ գաղափարների արժեզրկում է, այլ իսպառ մերժում գործող իշխանությունների կողմից»,- Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Ադրինե Ավագյանը։
Ադրինե Ավագյանը ահազանգեց՝ իշխանությունների վերջին տարիների գործունեության պատճառով հայոց պետականությունը գահավիժում է․ «Մեր անկախ պետականությունը պաշտպանելու գործում գլխավոր խոչընդոտն օրվա իշխանություններ է՝ իր ղեկավարով։ Այն ուղղակի սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։ Ստեղծված իրավիճակում ընդդիմության գլխավոր նպատակը պետականության գահավիժման կասեցումն է, իսկ այդ նպատակին հասնելու առաջնային միջոցը գործող իշխանությանը հեռացնելն է։ Իմ պատկերացմամբ՝ սա պիտի լինի հավաքական ընդդիմության առաքելությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ