«Գազպրոմ Արմենիայի» ուսումնական-մարզական համալիրում ընթանում է մինի դրոնների միջազգային մրցարշավ՝ ArmDroneCommunity-ի նախաձեռնությամբ, որին Հայաստանից բացի մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի շուրջ 80 ներկայացուցիչներ:
Դրոնների մրցարշավի կազմակերպումը առանցքային նշանակություն ունի Հայաստանում ԱԹՍ-ների օպերատորների համայնքի զարգացման համար: FPV Drone Racing մարզաձեւը խթանում է երիտասարդների հետաքրքրությունը դրոնների նկատմամբ եւ կարող է նպաստել ռազմավարական կարեւորագույն ոլորտի զարգացմանը:
Միջոցառման կազմակերպիչ, ArmDrone համայքի հիմնադիր Հայկ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սա երրորդ մրցարշավն է, որի նպատակն է խրախուսել երեխաներին զբաղվել դրոններով ու զարգացնել Հայաստանում: Dron Racing մարզաձեւը միջազգային ճանաչում ունի, սակայն Հայաստանում միայն մենք ենք անցկացնում: Մասնակիցները տարբեր արդյունքներ են ցույց տալիս: Ունեն ինչպես թերացումներ, այնպես էլ լավ արդյունքներ: Բոլոր արդյունքների բարելավման վրա փորձում ենք աշխատել եւ սխալները վերացնելուց հետո ամեն տարի որակապես ավելի լավ արդյունքներ ենք ունենում: Դրան նպաստում է նաեւ այս տարի բելառուսների, վրացիների եւ ղազախների մասնակցությունը:
Կարդացեք նաև
Նախնական փուլն արդեն ավարտվել է: Հիմա մեկնարկում են կիսաեզրափակիչները, որից հետո եզրափակչում հանդես կգան արդեն լավագույնները»:
Մեր հարցին, թե ԲՏԱ նախարարությունը, ՊՆ-ն, ԳՇ-ն եւ ոլորտային այլ կազմակերպությունները այս միջոցառումով հետաքրքրվա՞ծ են, թեկուզ դիտորդի կարգավիճակով այստեղ ներկայացուցիչ ունե՞ն, համագործակցության եզրեր կա՞ն՝ նկատի ունենալով, որ դրոնները մեր ժամանակներում կարեւորագույն դերակատարություն ունեն նաեւ ռազմական ոլորտում, Հայկ Կարապետյանը պատասխանեց. «Իրականում այս պահին համագործակցության ոչ մի եզր չկա: Սակայն մենք զրույցներ ենք ունեցել տարբեր կազմակերպությունների՝ նաեւ ԲՏԱ նախարարության հետ: Մեր մասին տեղյակ են, գիտեն: Ու վստահ եմ, որ հնարավորության դեպքում, եթե մենք մի փոքր էլ մեր վրա աշխատենք, ավելի նկատելի կլնենք ու դրա հաշվին աջակցությունը նման նախաձեռնություններին կշատանա: Ու մենք կկարողանանք ավելի լավ արդյունք ցույց տալ, քան այսօր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ