Մայիսի 24-ին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Նիմ և Մարսել քաղաքներ։
Նիմի հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Նիմ քաղաքի հայկական այգի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այգում Զարեհ Սինանյանը ծաղիկներ է խոնարհել ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին։
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Նիմի «Բեռնար Մազերան» հայկական մեկօրյա դպրոցի ուսուցիչների, համայնքի երիտասարդ ակտիվիստների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ անդրադառնալով ներկաների հարցերին և մտահոգություններին։
Կարդացեք նաև
Օրվա երկրորդ կեսին Զարեհ Սինանյանը մեկնել է Մարսել՝ մասնակցելու Ֆրանսիայի Հայ Երիտասարդներ (JAF – Jeunesse Arménienne de France) մշակութային միության հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական գալա համերգին, որն անցկացվում էր Մարսելի հեղինակավոր «Le Cepac Silo» համերգասրահում։
Միջոցառմանը մասնակցել են նաև Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, Մարսելի փոխքաղաքապետ Յաննիկ Օհանեսյանն, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգևոր առաջնորդներ։
Հոբելյանական միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ԺԱՖ-ի «Արաքս» պարախումբը, «Սասուն» նվագախումբը և «Ազատ» երգչախումբը՝ շուրջ 100 մասնակցով։
Տարիների ընթացքում Ֆրանսիայի Հայ Երիտասարդներ կազմակերպությունը դարձել է հայկական ինքնության պահպանման, ազգային մշակույթի տարածման, Հայ դատի պաշտպանության և Հայաստան–Սփյուռք կապի ամրապնդման կարևոր օղակներից մեկը։ ԺԱՖ-ում դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, գործում են երգի, պարի և նկարչության խմբակներ։ Միության կազմում ընդգրկված է ավելի քան 250 երիտասարդ։
Միջոցառման ընթացքում իր արվեստի աշխատանքների հավաքածուն ներկայացրել է Սփյուռքի երիտասարդ դեսպան (2023 թ., Մարսել) Լուիզա Հակոբյանը, ով նաև ԺԱՖ միության Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի հիմնադիր-տնօրենն է և Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նկարների այս հավաքածուն նվիրված էր ԺԱՖ-ի հիմնադրման 80-ամյա հոբելյանին։
ՍՓՅՈՒՌՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ