Լրահոս
Օրվա լրահոսը

Դու ճախրիր

Մայիս 26,2025 12:00

Գյուղում ձնհալն ու անձրեւները մեր օրերը ցեխոտ էին դարձնում։ Էդ օրերին ոտներս տնից դուրս հանել չէինք ուզում։ Բայց դե, գործը պիտի արվեր՝ ջրի գնալ, հավերին հետեւել, ոչխարներին արոտ ճանապարհել, հացը թոնիր տանել։

Ձնհալն ու անձրեւները մեր ջրի պաշարը երկար ժամանակ ապահովում էին։ Օրվա մեջ մի անգամ էինք աղբյուր գնում, էն էլ՝ խմելու ջրի հսմար։

Մեր տան թեք տանիքից հալոցքի ջուրը թափվում էր մեր շարած մեծ ամանների մեջ: Դրանով լվացք էինք անում, լողանում ու տան մաքրությունն անում։

Էդ ձմեռ ես ամենաշատը հաշվեցի, որ փոքր մորաքույրս, որպես բուժքույր, ռազմի դաշտ գնաց, կամ հիվանդանոց վազեց վիրավոր զինվորի լուր ստանալով։ Էդ ձմեռ տատս ամենաշատ անքուն գիշերներն ունեցավ։

Դա 1993 թվականն էր։

Հալոցքի ջուրը կոշտ էր։ Մեր ձեռքը չէր գնում մորաքրոջս համար էդ ջրից տաքացնեինք։ Նրա համար մեր աղբյուրի փափուկ ջուրն էինք տաքացնում։

Մի երեկո, տատս վառարանի կրակը թեժացրեց, նստեցինք։ Դռան ձայնից վեր կացանք, պատուհանից տեսանք մթության մեջ, դանդաղ քայլելով, մի տղա մեր տուն էր գալիս։ Դուռը բացեցինք, ներս հրավիրեցինք մեր հյուրին։ Նա դատարկ ձեռքով չէր եկել։ Արդեն պարզ էր. սիրահարված էր իմ փոքր մորաքրոջը։ Ձեռքը խնդրելու էր եկել։

Մենք նրանց երկուսին մենակ թողեցինք, գնացինք ուրիշ սենյակ։ Մի քանի րոպեից երիտասարդը մեզ «բարի գիշեր» ասեց, ու գնաց։ Նրան ճանապարհելուց, քայլվածքից հասկացանք, որ ոտքից վիրավորվել էր կռվի դաշտում։

Մորաքույրս նրա սերը մերժել էր, բայց ոչ նրա համար, որ իր սրտով չէր։

Գյուղի շատ երիտասարդների կյանքի համար էր պայքարել մորաքույրս ու հարազատ քրոջ պես խնամել։

Նրանց սիրո առաջարկներն ընդունել չէր կարողանում։ Բոլորին որպես եղբայր էր նայում։

Երիտասարդ ու գեղեցիկ այդ աղջնակը պիտի մտածեր միայն սիրո մասին, պիտի երազեր, պիտի ճախրեր, բայց նա երազում էր խաղաղության մասին, իսկ թեւերը չէին բարձրանում։

Նրա նմանների շնորհիվ ճախրեցին հաղթանակած երիտասարդները։

Իմ փոքր մորաքույրը՝ մեր Արմենուհին ընդամենը 28 տարեկան էր…

Տարիներ անց, միայն, թեթեւացավ նրա մեջքը, ինչպես ձնհալից կթեթեւանար մեր տան թեք տանիքը։

Նա խոսեց սիրո մասին, իր առաջին սիրո մասին:

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
24.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031