Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երեւանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաեւ քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին՝ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանին եւ նրա տեղակալ Արամ Այվազյանին։ Ի դեպ, այս գործով անցնում է նաեւ հողի վերահսկողության վարչության պետի գործող տեղակալ Միքայել Ղիմոյանը, որի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ամիսներ առաջ էր տնային կալանք ընտրել։ Գյուլզադյանի պաշտպան Հայկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ իր պաշտպանյալի եւ Արսեն Կարոյանի նկատմամբ խափանման միջոց են ընտրվել վարչական հսկողությունը եւ գրավը՝ 10 միլիոն դրամի չափով, եւ բացակայելու արգելք, իսկ Ռոբերտ Դարբինյանի եւ Արամ Այվազյանի նկատմամբ՝ տնային կալանքը, Ղիմոյանի խափանման միջոցը մնացել է նույնը։ Մայիսի 21-ի նիստում քննվել է միայն խափանման միջոցի հարցը:
Եվ չնայած դատախազն առարկել է, բայց միջնորդությունը բավարարվել է։ Գործում 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը քաղաքապետարանի ներկա եւ նախկին աշխատակիցներն են, մեկն Արաբկիր վարչական շրջանի աշխատակից է, եւ մեկ քաղաքացի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: