ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Ալիեւի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին։
Ի պատասխան` Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք էլ ենք տարածքային պահանջ բան անում, չէ՞, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրենց համար։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի արած քայլերն ասում ենք՝ տեսա՞ք ինչ արեց։ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «արեւմտյան Ադրբեջան» կհիմնադրեմ։ Էն մի մասը նկատում եք, սա չեք նկատո՞ւմ»։
Հարցին, թե իր համեմատությունը տեղի՞ն էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բա իհարկե տեղին էր։ Հայկական մոլորակից դուրս եկեք, ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է»։
«Դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձեւի են, իրենք էլ այդ ձեւով են պատասխանում։ Եվ իմ ասածը այն է, որ այդ քայլերն ու հայտարարություններն իր հայելային արձագանքն է։ Ես ասում եմ՝ ինչու է ինքը դա անում, ես չեմ ասում՝ որն է ճիշտ, որն է սխալ»,- հավելեց Սիմոնյանը։
Կարդացեք նաև
«Ինքը հիմա փորձում է եւ մշտապես փորձել է նույն բաները, ինչն իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ինքը որոշել է, որ եթե մենք արդարացիորեն, բոլոր փաստերով ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի՝ արեւմտյան Ադրբեջան։ Ու տենց է անելու, մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձեւ անել, որ կա Հայաստանն իր պատմության գրքով, եւ մնացածը ոչ կարեւոր ազգեր են։ Մենք՝ հայերս, երբ դուդուկ էինք նվագում եւ ծիրան էինք աճեցնում, իրենք ծառերի վրա էին։ Թարգեք էդ մոտեցումը, մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը, մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան, սխալ բան եք անում։ Հասկացեք դա, որ կարողանաք հաղթել մեր պոտենցիալ հակառակորդին»,- Ալիեւին արդարացրեց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի ծրագրերին, որ 300 հազար ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Որովհետեւ մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրելու Ադրբեջանում։ Եվ դա ինքը վերցնում է, նույն ձեւով պատասխանում է։ Ես չեմ ասում, որ չպետք է վերադառնան, այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ-որ օր վերադառնան եւ ապրեն իրենց տներում»։
Ըստ նրա՝ երբ կլինի «խաղաղության պայմանագիր», հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ Հայաստանի տարածքում այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են։ Հիմա ոնց են հայերն ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ։ «Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առեւտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձեւերով կոմունիկացվել ու շփվել»,- ասաց նա։
Հարցին, թե Հայաստանն Ադրբեջանից ի՞նչ կարող է գնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գազ, ինչո՞ւ ոչ։ Մենք էլ իրենց ջերմուկ կտանք, ծիրան ու հոսանք»։
Նա ասաց, որ պետք է հասարակություններին պատրաստել դրան։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ