Հաշվի առնելով, որ անցած ամսվա ընթացքում ՍԴ-ն հրապարակել է ապօրինի ծագում ունեցող գույքի օրենքի սահմանադրականության հարցով որոշումը, իրավասու մարմինը սկսել է քննարկումներ անել՝ տարբեր գործերով դիրքորոշում ձեւավորելու համար։ Որոշում է կայացվել՝ յուրաքանչյուր գործ առանձին քննարկել եւ առանձին որոշումներ կայացնել։ Այս գործով որեւէ գործողություն դեռ չի իրականացվել, գործը գլխավոր դատախազին չի զեկուցվել, ուստի հայտնի չէ, թե ՍԴ որոշումն այս գործի վրա ի՞նչ ազդեցություն ունի, ունի՞, թե՞ ոչ․ այս հայտարարություններն այսօր հակակոռուպցիոն դատարանում արեց ՀՀ դատախազության լիազոր ներկայացուցիչ Ռուզաննա Խուդավերդյանը՝ ժամանակ խնդրելով դատարանից, մինչեւ գործը վերադասության կարգով քննարկվի եւ որոշում կայացվի։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով հերթական նիստը։
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Վահագն Դալլաքյանը նկատեց՝ ՍԴ-ն մեկ ամիս առաջ է որոշում կայացրել եւ այս գործով էլ ծավալուն քննարկումների անհրաժեշտություն չկա․ «ՍԴ որոշման եզրափակիչ մասի համաձայն, ապօրինի ծագում ունեցող կարող է որակվել այն գույքը, այսինքն, անհրաժեշտ պայման է ենթադրյալ հանցանքի հետ պատճառահետեւանքային կապը։ Մեր գործով նման կապ երբեւէ չի քննարկվել, հայցվորը ամբողջ ուսումնասիրությունն իրականացրել է առանց նման կապի վերաբերյալ փաստարկների։ Չի էլ կարող լինել նման կապ, որովհետեւ ենթադրյալ հանցանքը տեղի է ունեցել տարիներ, տասնամյակներ անց, քան ձեռք է բերվել դատախազության կողմից ապօրինի որակված գույքը»։
Կարդացեք նաև
Այս պարագայում, պաշտպանական կողմը ողջամիտ է համարում, որ դատախազությունը հայցից հրաժարվի եւ պնդեց իր այդ դիրքորոշումը։
Պաշտպան Ամրամ Մակինյանն էլ իբրեւ լրացուցիչ փաստարկ վկայակոչեց այն, որ ՍԴ որոշմամբ Ռուբեն Հայրապետյանին վերագրված պահանջներով, որեւէ դրամական միջոց չի գեներացվել։ Նաեւ հավելեց, որ 2023 թվականից՝ գործի հարուցում-քննությունից ի վեր, Ռուբեն Հայրապետյանին պատկանող բոլոր գույքերն ու հաշիվները կալանքի տակ են եւ խոշոր գործարարը հնարավորություն չի ունեցել որեւէ գործունեություն ծավալել։ Արդյունքում՝ Հայրապետյանների ընտանիքը նաեւ մեծ ֆինանսական կորուստներ է կրել այս ընթացքում, ուստի դատախազի միջնորդությունը՝ գործի քննությունը հետաձգելու մասին, չի կարող ընդունելի լինել նաեւ այն պատճառով, որ Հայրապետյանների ընտանիքին պատճառվող վնասներն ավելանում են։
«Չեք ուզու՞մ հայցից հրաժարվել հայցից»,- դատախազին հարց էր ուղղել Վահագն Դալլաքյանը։
Ռուզաննա Խուդավերդյանը պատասխանեց, որ դատախազությունում հայցից հրաժարվելու մասին քննարկում այս պահին չկա եւ պնդեց նիստը հետաձգելու մասին իր միջնորդությունը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ այս գործի հետ կապված անգամ վերահաշվարկի մասին բան չի կարող ասել, անգամ դիրքորոշում չի կարող հայտնել ՍԴ-ի որոշման մասով՝ Վահագն Դալլաքյանի վկայակոչած հոդվածների մասով։
Վահագն Դալլաքյանը պնդեց՝ ՍԴ-ն նոր եւ անսպասելի դիրքորոշում չի հայտնել, պաշտպանական կողմն ի սկզբանե է խոսել պատճառահետևանքային կապի մասին։ Ի վերջո, ՍԴ որոշմամբ հաստատվել է, որ Ռուբեն Հայրապետյանի պաշտպանների մոտեցումը իրավաչափ է եւ սահմանադրական։
Հայցից չհրաժարվելու դեպքում, պաշտպանական կողմը միջնորդեց արագացված դատավարություն իրականացնել․ «ՍԴ որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետի համաձայն՝«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սա մի մոտեցում է, որը մենք սույն գործով բազմիցս ներկայացրել ենք և՛ դատարանին, և՛ հայցվորին, այդ թվում՝ իրավասու մարմնի իրականացրած ուսումնասիրության ամփոփագրի վերաբերյալ ներկայացված գրավոր դիրքորոշմամբ, հայցադիմումի պատասխանով, ինչպես նաև հենց այդ՝ ենթադրյալ հանցավոր արարքի և գույքի ձեռքբերման միջև պատճառահետևանքային կապի հարցի վերաբերյալ ներկայացված առանձին գրավոր դիրքորոշմամբ (10.04.2024թ․)։ Ի վերջո, մեր այդ դիրքորոշման իրավաչափությունն ու սահմանադրականությունը հաստատվել են ՍԴ որոշմամբ»։
Դատախազն այս միջնորդությունը վերադասության կարգով քննարկելու համար էլ ժամանակ խնդրեց։ Նիստը հետաձգվեց։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ