ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգագեն:
Հանդիպմանը քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտին, ինչպես նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխման ընթացքին վերաբերող հարցեր, երկուստեք ընդգծվել է ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագծին, պետության կողմից Հայաստանի համայնքներին հատկացվող դոտացիաների աճին եւ սուբվենցիաներին:
Պատգամավորները հյուրերին ներկայացրել են Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը, ինչպես նաեւ այդ ոլորտում նախատեսված անելիքները:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը կարեւորել է տարածաշրջանում երկարատեւ խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը` հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ