«Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ եւ անհանգստություն առաջացնելն է։ Եվ երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, բնական է, որ դա այդպես էլ կա։ Եթե տեսնում են, որ երբեմն գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե, դա անհանգստացնող է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած հերթական կրակոցներին։
Սյունիքի մի շարք գյուղերում մարդիկ կրակոցների ձայներ են լսում։ Արմեն Խաչատրյանն ասաց, որ խուճապ չկա, գյուղացիները վաղուց սովորել են դրան, բայց, իհարկե, անհանգստացնող է։
Դիտարկմանը, որ դա ոչ թե անհանգստացնող, այլ արդեն վտանգավոր է, քանի որ մարդկանց տների ուղղությամբ են կրակում, պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե, նման վտանգ կա։ Առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է, ցավոք սրտի, պարբերաբար կրկնվում են այդպիսի դեպքերը։ Դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք՝ այդ գնդակների ուղղությունը որտեղից է եղել, ուղիղ նշանառությա՞մբ է եղել, թե՞ գուցե պատահական։ Քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»։
Ըստ Խաչատրյանի՝ օր առաջ պետք է «խաղաղության պայմանագիրը» կնքվի, որից հետո այդ խնդիրներին լուծում կտրվի։ «Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, ես վստահ եմ, որ չեն կրակի, որովհետեւ եթե կնքվի, արդեն զորքերը չեն իրականացնելու սահմանապահ գործառույթ, սահմանապահ գործառույթ իրականացնելու են սահմանապահ զորքերը։ Իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն լինում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ պաշտպանության նախարարը ասում են, թե էսկալացիայի վտանգը պահպանվում է, բայց Նիկոլ Փաշինյաննն ասում է, որ խաղաղություն է լինելու, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Որովհետեւ բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ ՀՀ իշխանությունն ասում է այն, ինչ կա»։
Հարցին՝ եթե հայկական կողմից համարժեք պատասխան լինի, ադրբեջանական կողմը կշարունակի՞ կրակել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Կգնա էսկալացիա, եւ չես կարող ասել, թե այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չէ, որ հայկական կողմն այդ հնարավորությունը չունի համարժեք պատասխանելու, բայց ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ ամեն կերպ պետք է հասնենք խաղաղության պայմանագրին եւ էսկալյացիոն գործողություններ թույլ չտանք։ Մեր զինված ուժերը բավականին ադեկվատ եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում, եւ որեւէ էսկալյացիոն գործողություն ՀՀ-ից հնարավոր չէ սպասել»։
ՔՊ-ական պատգամավորը հավելեց․ «Խաղաղություն այլընտրանք չունի, մեր երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր լինելու է, դելիմիտացիա լինելու է, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն են հսկելու սահմանային հատվածները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ