Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ Խաղաղության համաձայնագրի ստորագրելու համար․ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խաղաղության պայմանագրի տեքստն այլեւս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,- հայտարարեց նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել՝ փաստաթղթի ստորագրման նույն օրը ստորագրել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը․ «Իսկ Սահմանադրության մասին՝ գիտեք արդեն Հայաստանի դիրքորոշումը»։
Ի դեպ, Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ երեկ գիշեր Սյունիքում հնչած կրակոցների մասով ավելացնելու ոչինչ չունի, քան ասել է ՊՆ-ն ու չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ կառավարությունը խաբում է հասարակությանը՝ խաղաղության օրակարգով, մինչդեռ ադրբեջանական կրակոցները չեն դադարում։
«Միջադեպ եղել է, միջադեպի մասով մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ, բայց ես ուզում եմ նշել նաեւ սահմանազատման գործընթացը։ Հիմա, եթե միայն այդ կետով եք իրադարձությանը նայում, նայեք նաեւ սահմանազատման գործընթացին։ Սահմանազատման արդյունքում հիմա 12.7 կմ սահմանազատված հատված ունենք, նաեւ հավելյալ սահմանային գիծ ունենք, որտեղ երկու կողմում էլ սահմանապահ զորքերն են գտնվում։ Վերջին 5 տարվա ընթացքում մեկ միջադեպ չի եղել։ Շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ Հայաստանն առաջընթաց է ունեցել. «Իհարկե, մեր բոլոր խնդիրները չենք լուծել, չենք կարող ասել, թե խաղաղության օրակարգն ամբողջովին իրագործված է, բայց համոզված կարող եմ ասել, որ այս հարցում ունեցել ենք արդյունքներ»։
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Սյունիքում ՌԴ հյուպատոսության ճակատագրով, որի շուրջ տեւական ժամանակ բանակցություններ են ընթանում, բայց հյուպատոսությունը չի բացվում, մինչդեռ Իրանը, Ֆրանսիան արդեն ունեն հյուպատոսություններ։
Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ բանակցությունները շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային