Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Իմ դեմ շինծու մեղադրանքի «հայրերին», որոնք շատ-շատ բարձր են կանգնած, առաջիկայում շատ ասելիք ունեմ: Անպայման կհանդիպենք»

Մայիս 29,2025 17:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անկեղծ ասած, երբ դատավոր նշանակվեց Դավիթ Բալայանը, ինչ-որ առումով ուրախացա: Ես նրա պահվածքների հետ շատ անգամ համաձայն չեմ եղել, բայց գիտեի, որ ինքն արդարամիտ է ու չեն կարողանալու նրա վրա ճնշումներ գործադրել: Այդ առումով արդարացման վճիռը շատ անակնկալ չէր եւ հաճելի էր լսել»,- արդարացման վճռով դատական նիստի ավարտից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նա շնորհակալություն հայտնեց իր ծնողներին, ընտանիքի անդամներն, փաստաբանական թիմին, որն ամեն ինչ արել է անշահախնդիր, լրատվամիջոցներին, որոնք դատավարությունը պահել են ուշադրության շրջանակներում, բոլոր նրանց, ովքեր անտեսելով իրենց անձնականը, վտանգները, առաջին օրվանից չեն հավատացել այս շինծու գործին, բայց հավատացել են իր ազնվությանը:

«Իմ կյանքում ոչ մի նոր բան մեծ հաշվով չի եղել եւ կյանքը շարունակվում է: Ապօրինի մեղադրել են, բայց չեն հասել իրենց ուզածին: Իրենց ուզածն այն էր, որ ինձ հեռու պահեն պետական համակարգից ու իմ տեսակի հետ կռիվ էին տալիս: Ժպտում եմ բոլորին, չարացած չեմ ոչ մեկի նկատմամբ: Բայց մեր երկրում փոփոխություններ միանշանակ պետք է լինեն: Այդ փոփոխությունները գալու են վաղ թե ուշ, անկախ նրանից, թե ով է լինելու երկրի իշխանության գլխին: Առաջիկայում ասուլիս կհրավիրենք»,-ասաց Դավիթ Սանասարյանը, որը չի կարող դիմել իրեն նախկին պաշտոնում վերականգնելու պահանջով, քանի որ հեռացել է սեփական դիմումի համաձայն:

Aravot.am-ի հարցին, թե, ըստ էության, իր նկատմամբ շինծու քրեական գործ հարուցելու պատվիրատուներին ու կատարողներին այս պահին ասելու բան ունի՞, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ովքեր անմիջապես մասնակցել են, նրանց՝ չէ: Նրանք կատարող են, նրանց հանդեպ չարացած չեմ: Պողոսի տեղը Պետրոսը լիներ, էլի այդ գործը անելու էր: Նրանց ցանկանում եմ երջանիկ կյանք, նման շինծու գործերով չհայտնվեն դատարաններում: Բայց անպայման ամեն մեկը պետք է պատասխան տա իր արածի համար: Իսկ նրանց «հայրերին», որոնք շատ-շատ բարձր են կանգնած, առաջիկայում շատ ասելիք ունեմ: Նրանց ջերմ բարեւներ: Կհանդիպենք անպայման»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031