Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ազգային ժողովում փակ քննարկում է անցկացրել ՔՊ խմբակցության հետ՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծերի փաթեթի շուրջ։
Նշենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է այս փաթեթի քննարկումը, որը «բանակից փողով ազատվելու նախագիծ» անունով է հայտնի։
Կարդացեք նաև
Այսօրվա դռնփակ հանդիպումից հետո ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագիծն ամբողջությամբ բովանդակային քննարկման է ենթարկվում։ «Նաեւ հանրային կարծիքն է հաշվի առնվում։ Եվ մինչեւ նախագծի հետ կապված բոլոր մտահոգությունները չփարատվեն, նախագիծը դեռեւս քննարկման փուլում կգտնվի։ Առաջիկայում բովանդակային քննարկումները շարունակվելու են»,- ասաց նա։
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում հնարավորինս լավարկելու են նախագիծը։ «Պետք է առավելագույնս լավարկվի այս նախագիծը։ Եվ եթե հասկանանք, որ մեր առջեւ դրված խնդիրներն արդեն լուծվում են, եւ հանրային կոնսենսուս կա, մտահոգությունները փարատված կլինեն, արդեն նախագիծը կգնա ընդունման ճանապարհով։ Այնտեղ կետեր կան, որոնք շատ նորմալ եւ անհրաժեշտ կետեր են։ Հիմնական տարընկալումները եւ բազմակարծությունը գումարով կարճ ժամանակով ծառայելու նորմի հետ են կապված»,- նշեց Խաչատրյանը։
Միաժամանակ պատգամավորն ասաց, որ խնդիրը կա, կան հասարակական հարաբերություններ, որոնք թերի են կարգավորված։ Եվ դրանք հրատապ կարգավորման կարիք ունեն, չկարգավորելու դեպքում ազգային անվտանգության հետ կապված խնդիրներն արդյունավետ չեն լուծվի։ «Այսինքն՝ մեր բանակի զորահավաքային պրոցեսը մենք ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր ունենք։ Եվ այս նախագիծը շատ կարեւոր է։ Բայց նախագծում հոդվածներ ու նորմեր կան, որոնք տարընկալումների կարիք ունեն, արժեքային տարընկալումների խնդիր ունեն։ Եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այո, այս նախագիծն այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսները, բանակի նյութական ռեսուսրները, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով։ Եթե նույնիսկ այս վիճակով ընդունվի, այդ բոլոր դրական էֆեկտները ինքն ունի։ Բայց մենք ունենք նաեւ արժեքային ընկալման խնդիր, երբ ասում ենք՝ փող, քիչ ծառայություն, այստեղ մեր հանրությունը շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է եւ հասկանալի»,- հավելեց նա։
Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս փաթեթը ընտրությունների նախաշեմին կարող է ի վնաս ՔՊ-ի աշխատել, բայց նշեց, որ իրենք առաջնային են համարում ազգային անվտանգությունը եւ բանակների ռեսուրսների ավելացումը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ