Մայիսի 21-ի լուսաբացին իրականացվեց ԻԻՀ քաղաքացի Յասին Հոսեյնզադեի՝ 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի մահապատիժը:
Դեպքից անմիջապես հետո, թեեւ Բաքուն այդ հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն, Իրանի քաղաքական եւ դատական իշխանության ներկայացուցիչները շտապեցին հավաստիացնել, որ հարձակումը տեղի է ունեցել անձնական եւ ընտանեկան դրդապատճառներով: Նշենք, որ Հոսեյնզադեի հարձակումն Ադրբեջանի դեսպանատան վրա հանգեցրել էր դեսպանատան անվտանգության պատասխանատուի սպանությանը:
Այդ միջադեպից հետո Թեհրան-Բաքու հարաբերությունների բնականոն ընթացքը վերականգնելու համար ավելի քան մեկ տարի պահանջվեց: Սակայն Իրանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ադրբեջանի հետ սահմանային գոտում հանդիպումից եւ Թեհրան-Բաքու շփումների ակտիվացման շրջանում ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վթարը բազմաթիվ անպատասխան հարցեր առաջացրեց:
Ուշագրավ է իմանալ, թե արդյո՞ք իրանական հանրությանը ներկայացվել է հարձակման բուն դրդապատճառները: Արդյո՞ք զինված հարձակումը տեղի է ունեցել, մահապատժի ենթարկված Հոսեյնզադեի պնդմամբ՝ վերջինիս կնոջը դեսպանատան տարածքում պահելու պատճառով: Կամ հանցագործի կինը լքել էր Իրանն առանց ամուսնու թույլտվության, եւ եթե նրա կինը լքել էր Իրանն առանց օրինական փաստաթղթերի, արդյո՞ք պարզվել է, թե ի՞նչ դեր է ունեցել Ադրբեջանի դեսպանատունն այդ գործում: Եթե Ադրբեջանի դեսպանատունը ներգրավված է եղել այդ գործի մեջ, արդյո՞ք Իրանը պաշտոնապես բողոք է ներկայացրել: Համենայնդեպս, իրանական մամուլին ուշի ուշով հետեւող վերլուծաբանների մոտ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան:
Կարդացեք նաև
Բացի այդ, հրապարակում եղած որոշ տեղեկություններ վկայում են հանցագործի ու նրա հարազատների ազգայնամոլական անցյալի մասին: Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ պնդում են, որ Իրանի պետական կարեւոր կայքերից մեկը կոտրելով, ձեռք են բերվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հանցագործը նախկինում բնակվել եւ ուսանել է Բաքվում եւ ամուսնացել Ադրբեջանի քաղաքացու հետ: Նշվում է նաեւ, որ նա կապ է ունեցել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ եւ վերադառնալուց հետո նաեւ ենթարկվել հարցաքննության: Նաեւ ասվում է, որ Հոսեյնզադեի «փախուստի դիմած» կինը Բաքվում ազգականներ է ունեցել անվտանգության համակարգում:
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում