Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադառանալով՝ բարեփոխված գիտակրթական համակարգում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դերին՝ որպես անկախ խորհրդատվական մարմին՝ Հայոցյանը նշեց, որ սա թույլ կտա տարանջատել հետազոտության ֆինանսավորման և վերջնարդյունքի գնահատման գործառույթները, որոնք ներկայումս մեկտեղված են

Մայիս 30,2025 12:20

«Ավելին, քան արդյունավետություն» միջազգային փորձագետները քննարկեցին միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորման գործում

Մայիսի 29-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկումը, որին ներկա գտնվեցին նաև հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված այս միջոցառմանն ուղղված էր ակադեմիական և գիտական համակարգերի միավորման առաջատար միջազգային փորձի ներկայացմանը, ինչպես նաև նշված ոլորտներում համակարգաստեղծ բարեփոխումների հնարավոր ուղիների քննարկմանը՝ առանձին անդրադարձ կատարելով նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական մարտահրավերներն ու վերջիններիս հաղթահարման մոտեցումներին։

Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես եկավ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև կրթության ոլորտի միջազգային փորձագետներ, կառավարիչներ և քաղաքականություն մշակողներ, որոնք անձամբ մասնակից են եղել կոնսոլիդացման միջոցով ակադեմիական և գիտական համակարգերի հաջողված բարեփոխման փորձին իրենց երկրներում․

Աբու Դաբիի Խալիֆա համալսարանի արտաքին կապերի փոխնախագահի պաշտոնակատար և աշխատակազմի ղեկավար, դոկտոր Աշրաֆ Ալ-Նաժդավին,

Գերմանիայի Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր անդամ, նախկին ռեկտոր, դոկտոր Դիտմար Էրթմանը,

Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարության ֆինանսավորման գործադիր գործակալության տնօրեն, պրոֆեսոր Էդրիան Կուրաժը,

Ֆինլանդիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտության կենտրոնի ծրագրերի ղեկավար Տուուլա Հեիդին,

Մյունխենի տեխնիկական համալսարանի ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորը, որը նաև համակարգեց քննարկումը։

Բացման խոսքում տիկին Աուկտորը նշեց, որ այս քննարկման թեման՝ բուհերի միավորումը և գիտական համակարգի հետ կոնսոլիդացումը դեռևս 1990-ականներից ի վեր համաշխարհային մակարդակով վերափոխել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները՝ դառնալով բարեփոխման գործընթացները բնորոշող առանձնահատկություն։

Նրա խոսքով՝ միավորման գործընթացների ուսումնառությանը զուգընթաց՝ հարկ է անդրադառնալ նաև այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների շարժառիթներին՝ սկսած կրթության և գիտության գլոբալ ու տարածաշրջանային մրցունակության բարձրացումից մինչև ոլորտային պետական քաղաքականության վերաձևակերպումը՝ միաժամանակ դիտարկելով իրագործման փուլում անհրաժեշտ գործուն ռազմավարություններ։

Հայաստանյան գիտակրթական համակարգի բարեփոխումների ներկայացումը

Քննարկման հիմնական մասի մեկնարկը տվեց ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը՝ ներկայացնելով հայաստանյան բարձրագույն կրթության և գիտության ոլոտներում ընթացող բարեփոխումների իրավիճակը։

Նա հիշեցրեց, որ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրման գաղափարը սկսել է քննարկվել դեռևս 2018 թվականից՝ ժամանակ ընթացքում մշակվելով, շահառու մարմիններից հայեցակարգային առաջարկների հավաքագրման արդյունքում լրամշակվելով և արտացոլվելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտի նոր օրենքի նախագծում։ Բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված էր մի շարք համակարգային խնդիրներով, ինչպիսիք են համակարգի մասնատվածությունը և կառավարչական ներուժի պակասը՝ ոլորտային ֆինանսավորման մակարդակի աճին համապատասխանող կառավարման արդյունավետության համար։

«Մենք ուսումնասիրել ենք առավել արագընթաց և կտրուկ միավորումների փորձը և նման միավորումների արդյունքում գիտական անձնակազմի՝ բուհի կողմից անտեսված լինելու ռիսկը։ Արդյունքում, վերանայեցինք խնդիրը և հանդես եկանք լուծումով՝ օրենսդրական մակարդակով այդ ռիսկը բացառելու համար»,- նշել է Հայոցյանը՝ հավելելով, որ ԲԿԳ օրենքի նախագծի վերջնական տարբերակում գիտական կազմակերպություններն օժտվել են լայն գիտական և վարչական ինքնավարությամբ, ֆինանսական անկախությամբ, ինչպես նաև հետազոտություններին զուգահեռ դասավանդման գործառույթն իրենց կամընտրությամբ կատարելու հնարավորությամբ։

Անդրադառանալով՝ բարեփոխված գիտակրթական համակարգում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դերին՝ որպես անկախ խորհրդատվական մարմին՝ Հայոցյանը նշեց, որ սա թույլ կտա տարանջատել հետազոտության ֆինանսավորման և վերջնարդյունքի գնահատման գործառույթները, որոնք ներկայումս մեկտեղված են։

Հայոցյանը նշեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ մեկտեղ՝ ձևակերպվեց «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես նշված բարեփոխումներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքի ապահովման բաղադրիչ։ Վերջինիս ձևավորման և բովանդակության մշակման հարցում համագործակցում են միջազգային առաջատար բուհերի հետ, այդ թվում՝ բարեփոխված հակամարգին համապատասխան կրթության կառավարիչների պատրաստման ծրագրերի շուրջ։

Հաջորդիվ, իրենց երկրների լավագույն փորձով և միավորման գործընթացի առանցքային նպատակի մասին խոսեցին հրավիրված բանախոսները:

«Ավելին, քան արդյունավետություն» միավորման գործընթացի առաջնահերթ նպատակը ստացվելիք արժեքն է, այլ ոչ թե խնայումը

Ռումինիայում, Մոլդովայում և պատմական համադրելի զարգացման ուղի անցած մի շարք այլ երկրներում ակադեմիական և գիտական համակարգերի միավորման գործընթացներին հետևած պրոֆեսոր Էդրիան Կուրաժը նախևառաջ ընդգծեց, որ միավորման գործընթացի հիմնական նպատակը ստացվելիք արժեքն է, այլ ոչ թե միջոցների խնայումը։ Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը միակը չէ, որ անցնում է այս ճանապարհը, և հատկանշական է Կառավարության պատրաստակամությունը կազմակերպություններին նախապատրաստելու և իրավական անհրաժեշտ շրջանակը տրամադրելու հարցում․ «Կարևոր է հիշելը, որ բարեփոխման կենտրոնում մարդն է, համայնքը, ինստիտուտները և, մեծ հաշվով՝ Հայաստանը»,- ամփոփել է Կուրաժը՝ դիմելով դահլիճում ներկա ակադեմիական և գիտական համայնքի նեկայացուցիչներին։

Ամենակարևոր շարժառիթը՝ միջազգային մակարդակով մրցունակ գիտակրթական կառույց ստեղծելու տեսլականը

Աբու Դաբիի Խալիֆա համալսարանի միավորման փորձը ներկայացնելով՝ դոկտոր Աշրաֆ Ալ-Նաժդավին նշեց, որ 2016 թվականին 3 տարբեր ֆինանսավորման մեխանիզմներ և հետազոտական ուղղություններ ունեցող բուհերի միավորման հիմնական երեք նպատակներն էին՝ գործառնական և ֆինանսական նպատակահարմարությունը, մասնատված ինստիտուցիոնալ ներուժի և գիտական տաղանդի կոնսոլիդացումը, և ամենից կարևորը՝ միջազգային մակարդակով մրցունակ գիտակրթական կառույց ստեղծելու տեսլականը։ Թեպետ հայեցակարգի  ձևավորման համար մեկ ամիս ժամկետ էր սահմանված, սակայն ինտենսիվ երկխոսության շնորհիվ՝ հնարավոր եղավ հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները․ այս առումով ռազմավարական երկխոսությունն առաջնահերթ էր՝ բարեփոխման հաջողման գործում։ Ամփոփելով՝ Ալ-Նաժդավին ընդգծեց նաև, որ միավորված բուհի գրանցած արդյունքը հասանելի չէր լինի նրա մասը կազմող բուհերին առանձին-առանձին՝ մինչև միավորումը։

Երիտասարդ կադրերի ընտրության համար լավագույն վայրը լսարանն է

Գերմանիայի Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի օրինակով բուհի և հետազոտական կազմակերպության միավորման 20-ամյա փորձով կիսվեց դոկտոր Դիտմար Էրթմանը՝ նշելով, որ այս դեպքում գաղափարը ծագել է ներքևից վերև և այնուհետև արդեն իրագործվել պետության կողմից։ Միավորման շարժառիթը հետևյալն էր՝ հետազոտական կազմակերպությունն ուներ ավելի շատ ֆինանսավորման, իսկ բուհը՝ երիտասարդ գիտնականներ ներգրավվելու հնարավորություններ․

«Գիտական կազմակերպությունները հետաքրքրված են ավելի շատ որակյալ երիտասարդ կադրեր ներգրավելու մեջ։ Սակայն ո՞րն է երիտասարդ կադրերի ձևավորման լավագույն վայրը․ դա լսարանն է։ Հենց դասավանդելու ընթացքում ես տարբերակում լավ ասպիրանտին։ Արդյունքում, բուհը ստանում է լավագույն ասպիրանտներին, իսկ ինստիտուտը մի փոքր պակաս լավերին»,- պարզաբանեց դոկտոր Էրթմանը։

Արդյունքում, միավորման երկարատև 20-ամյա ճանապարհի արդյունքում ինստիտուտը դարձել է իր ոլորտի առաջատարներից մեկը։

Վստահության կառուցում փոքր ակադեմիական համայնքներում. Ֆինլանդիայի մոտեցումը

Դոկտոր Տուուլա Հեյդեն, որը ակտիվ դեր է խաղացել Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կազմում երկու համալսարանների միաձուլման գործում, ընդգծեց վստահության կառուցման կարևորությունը, հատկապես փոքր բնակչություն ունեցող երկրների ակադեմիական համայնքներում, որտեղ գերակա դեր են խաղում նաև հարաբերությունները համակարգի ներսում։ Նրա փորձը ցույց տվեց, որ նույնիսկ աշխարհագրորեն մոտ համալսարանները կարող են ունենալ զգալի մշակութային տարբերություններ, որոնք պահանջում են զգույշ կառավարում։ Նա շեշտեց գործընթացի ողջ ընթացքում թափանցիկ հաղորդակցության անհրաժեշտությունը՝ նշելով. «Կարևոր է հաշվի առնել տարբեր մշակույթները, և երբեմն ավելի հեշտ է սկսել զրոյից, եթե տարբերությունները չափազանց մեծ են, բայց կարևոր է թափանցիկորեն հաղորդակցվել գործընթացի մասին»։

Ամփոփելով պանելային քննարկումը՝ բանախոսները պատասխանեցին բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031