«Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի եւ հարակից արտադրանքի օգտագործումից, ինչպես նաեւ 1 մլն մարդ մահանում է երկրորդային ծխող լինելու հանգամանքով պայմանավորված: Աշխարհը փոխվում է, փոխվում են նաեւ մարտահրավերները, եւ մենք ուզում ենք դիմել հասարակությանը, այսօրվա եւ գալիք սերունդներին, որպեսզի տեղեկացված լինեն ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների մասին, մասնավորապես 20 տեսակի քաղցկեղ է առաջացնում ծխախոտը»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան՝ խոսելով վաղը նշվելիք Առանց ծխախոտի համաշխարհային օրվա խորհրդի մասին:
«Նորարարական ծխախոտային ապրանքներն, ինչպես տաքացվելու միջոցով օգտագործվողը, այնպես էլ էլեկտրոնային սիգարետները կամ նիկոտին պարունակող այլ ապրանքատեսակները շատ ինտենսիվ թափանցում են մեր շուկա, ձեռք են բերում նոր սպառողներ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ ոչ թե ծխախոտի օգտագործումն է բարձրանում, այլ ապրանքատեսակների օգտագործման պրոֆիլն է փոխվում: Նախկինում եւ հիմա էլ առաջատար է տրադիցիոն ծխախոտը, բայց նաեւ շուկա են սկսել շատ ուժեղ մտնել էլեկտրոնային ծխախոտային եւ տաքացման միջոցով օգտագործվող ապրանքատեսակները»,-նշեց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:
Նա անդրադարձավ նաեւ նիկոտին պարունակող եւ կախվածություն առաջացնող որոշ արտադրատեսակների, որոնք օգտագործելով՝ մարդը դառնում է դրանց մշտական սպառողը:
Կարդացեք նաև
«Այդ ապրանքատեսակները, ցավոք սրտի, լայն սպառում են ստանում ամբողջ աշխարհում՝ հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ դրանք արտադրված են երիտասարդների շուկան գրավելու համար: Եթե ուշադրություն դարձնեք էլեկտրոնային նիկոտին պարունակող ապրանքատեսակներին, որոնք վաճառվում են շուկայում, տեսնեք դրանց փաթեթավորումը, տեսքը, համն ու հոտը, կհասկանաք, որ այդ ամենն արվում է նոր՝ երիտասարդ սպառողներ ներգրավելու համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր երկրում երիտասարդների կողմից առաջին փորձերը սկսում են ոչ տրադիցիոն ծխախոտ փորձելուց, այլ նիկոտին պարունակող ապրանքատեսակներից կամ էլեկտրոնային սիգարետներից»,- հավելեց Ալեքսանդր Բազարչյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ