«Ոչ Ռուբենը, ոչ մյուս գերիները պետական օրակարգում չեն։ Մենք խաղաղության պայմանագիր ենք բանակցում Ադրբեջանի հետ, բայց այդ բանակցությունների օրակարգում գերիները չկան։ Առիթները կային ու կան, բայց չեն օգտագործվում այդ ուղղությամբ»,- հարցին՝ արդյոք այսօր բավարար աշխատանք տարվո՞ւմ է, որ Ռուբեն Վարդանյանն ու մյուս ռազմագերիներն ազատ արձակվեն, Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուբենի ընկերների նախաձեռնած «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո-քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքահայ գրող, տնտեսագետ Վահան Զանոյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունների համար այսօր ամենակարևորը խաղաղության պայմանագիր ստորագրելն է, քանի որ դա նրանց համար կարևոր է իրենց քաղաքական դիրքը ուժեղացնելու համար։
Հարցին՝ խաղաղության օրակարգն իրատեսակա՞ն է, Վահան Զանոյանը պատասխանեց․ «Ցանկացած երկրում խաղաղություն չի կարելի ապահովել՝ միայն պայմանագիր ստորագրելով։ Ոչ էլ կարելի է անվտանգություն ապահովել խաղաղության պայմանագրի միջոցով։ Եթե երկիրն իր անվտանգությունն արդեն ապահովել է իր ուժերով, դրանից հետո կարելի է խաղաղություն ունենալ։ Անվտանգությունը խաղաղություն ապահովում է, խաղաղությունը անվտանգություն չի ապահովում»։
Խոսելով իշխանության կողմից Սփյուռքի հանդեպ վարվող քաղաքականության մասին՝ նա ասաց․ «Այս կառավարության գաղափարախոսություններից մեկն այն է, որ պետությունն առանց ամբողջական ազգի, սփյուռքի, առանց ազգի՝ 29800 քառ. կմ-ից դուրս, այս պետությանը չի հետաքրքրում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպիսի՞ն է Ռուբեն Վարդանյանի կերպարն այս օրերին, Ռուբեն Զանոյանը պատասխանեց․ «Ռուբենը, որին շատ մոտիկից եմ ճանաչում, համարյա չի փոխվել։ Այդ ուղերձներում ամեն մի միտք ու հայտարարություն, որ կա, արդեն մենք չբանտարկված ժամանակ տարիներով քննարկել ենք։ Այդտեղ նորությունը չեմ տեսնում։ Կարող է, որ բանտից ուղարկված են ուղերձները, բայց բանտի հետ կապ չունեն։ Այդ ուղերձներում, որ կարդացի, իմ իմացած Ռուբենն է՝ հակառակ, որ ապրում է դաժան պայմաններում, թույլ չի տրվել, որ իր մտքի հետ խաղան։ Ինքը թույլ չի տվել, որ բանտն իր վրա ազդեցություն ունենա հոգեկան և մտային առումով։ Ինքը բացեիբաց ասում է՝ ես ուրախ եմ, հաշտ եմ ինձ հետ, գիտակցաբար արել եմ այս որոշումը և գիտեմ՝ ինչու և շարունակում եմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ