«Ինքը երբեք, համենայն դեպս մեր շրջապատում, իրեն գաղափարախոս չէր համարում և առհասարակ միշտ պարզ է եղել և խուսափել ամպագորգոռ որակումներից, որ մարդիկ երբեմն-երբեմն ցանկացել են իրեն տալ»,- Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուբենի ընկերների նախաձեռնած «Երկխոսություն Ռուբենի հետ» խորագրով երեկո-քննարկման ժամանակ այսպես բնութագրեց Ռուբեն Վարդանյանին «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Արա Թադևոսյանը։
Կարդացեք նաև
«Ապագա հայկականը» նախաձեռնության նախկին տնօրեն Արտակ Ապիտոնյանը ցավով նշեց՝ նախկինում շեշտը դրվում էր համահայկականության, հայկականության, ազգ ոգին արթնացնելու վրա, բայց մենք՝ որպես հանրություն գնալով ավելի ենք կորցնում մեր հենքը, հատակը և արդեն անցնելով ազգայինի հատակից՝ գրեթե մոտենում ենք մարդկայինի հատակի կորստին․ «Կորցնում ենք ապրումակցելու զգացումը, ըմբոստանալու զգացումը, պինդ մարդ մնալու զգացումը։ Ռուբենի ուղերձները հենց մարդ մնալու մասին են, որովհետև, եթե մենք մարդ չենք, հայ լինել չենք կարող։ Մենք պետք է ճիգ գործադրենք մնալու մարդկային հանրություն»։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ թարգմանիչ Արտաշես Էմինն էլ ասաց՝ շատերի համար անբացատրելի է մնում Ռուբեն Վարդանյանի արարքը․ «Ինքն այդ քայլով արթնացրեց արժանապատվության՝ նիրհող զգացումը, որը վերջերս նահանջում էր։ Իսկ արժանապատվությունը հզոր ուժ է և համարյա անհաղթահարելի, եթե արթուն է։
Պիտի ասեմ, որ շատերը դրսում տարակուսում են և իրենց համար անբացատրելի է մնում Ռուբենի արարքը, որովհետև բավական ապահովված, բարեկեցիկ կյանքը թողնելով՝ կարելի էր մտածել, որ իր բարեգործությամբ ինքը վաղուց մարել է իր պարտքը իր երկրի, ազգի տոհմի հանդեպ։ Ռուբենն իր ամբողջ կյանքով ապացուցում է, որ ինքը անկաշառության տիպար է»։
Հաղորդավար Ավետ Բարսեղյանն էլ վստահեցրեց՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը պետք է դառնա համահայկական տոն․ «Ռուբենը մերն է, Ռուբենը բոլորինս է․․․․Երեք անգամ եմ տեսել Ռուբեն Վարդանյանին։ «Տաթևի» բացմանը պատիվ եմ ունեցել առաջին անգամ իր հետ ֆունիկուլյոր նստել, տեսել եմ, երբ նոր էին «Ավրորան» և «IDEA»-ն, հրճվել եմ նրանով, չեմ հասկացել, որ միլիարդատերը կարող է այդպես հանգիստ շապիկ հագնել ու չլինի մեզ ծանոթ հիվանդ միլիարդատերերի պես։ Եվ վերջին անգամ, երբ տեսել եմ, տեսել եմ իր հոգին, երբ արդեն նա Բաքվի բանտում էր, ու այս տողերն են ծնվել»։
Ելույթից հետո Ավետ Բարսեղյանը կարդաց իր հեղինակած բանաստեղծությունը Ռուբեն Վարդանյանի մասին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ