Վայոց ձորի մարզում վերջին տարիներին զարգացում է ապրում տուրիզմը։ Գյուղացիները, մեկը մյուսից օրինակ վերցնելով, փորձում են սեփական բիզնես ծրագրերն իրագործել՝ մարզ ներգրավելով զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից։
Պանրի արտադրությամբ զբաղվող գործարար Արթուր Նազարյանը հիշում է՝ սկզբում թերահավատորեն էր վերաբերվում, թե զբոսաշրջիկներ կգան իր հայրենի Ելփին գյուղ։ Բայց համառ աշխատանքի արդյունք այսօր երեւում է։ «Անցած տարի արդեն ունեցել ենք 2300-2500 այցելու։ Հիմա մեր պանիրն անգամ Շվեյցարիայում են համտեսել, զարմացել ու ասել են, որ Հայաստանի պանիրը յուրահատուկ համ ունի»,- ասում է նա։
Ելփին գյուղատնետսական կոոպերատիվի նախագահ Արթուր Նազարյանն իր հիմնած «Արթչիզ» պանրի համտեսի սրահում եւ արտադրամասում հյուրընկալում է զբոսաշրջիկների։ Ասում է՝ արտադրանքի ծավալները տարեցտարի ավելացնում են, զուգահեռաբար ավելացնում են նաեւ կաթի մթերման ծավալները։ Դա նշանակում է, որ տարածաշրջանում կաթի մթերման խնդիրը լուծվում է։ «Ունենք շուրջ 4-5 մթերման կետեր, օրական 2-3 տոննա կաթ ենք մթերում՝ ոչ միայն մեր գյուղից, մինչեւ Ջերմուկ համայնք հասնում ենք։ Մեկ լիտրն այս պահին գնում ենք 180 դրամով, բայց վերցնում ենք միմիայն լավորակ կաթ»,- նշում է նա։
Կարդացեք նաև
Արթուր Նազարյանը կարեւորում է համայնքների զարգացումը, ասում է՝ հատկապես սահմանամերձ մարզերի համար, ինչպիսին է նաեւ Վայոց ձորը, կարեւոր է ներդրումներ իրականացնելը, որպեսզի մարդիկ չատագաղթեն, սահմանամերձ համայնքները չդատարկվեն։
«Ես անձամբ չեմ արտագաղթելու, բայց որպեսզի գյուղացիները մնան գյուղում, պետական մակարդակով ծրագրեր պետք է իրագործվեն։ Ես չեմ ասում՝ արտոնություն տան, մենք ընդհանրապես հարկ չտանք։ Չէ, հարկատեսակը պետք է մնա, բայց սահմանամերձ համայնքների համար կան արտոնյալ պայմաններ, որոնք մեր համայնքում չկան, օրինակ` էլեկտրաէներգիայի, գազի սպառման արտոնությունը, արեւային կայանների տեղադրման ծրագիրը, բնակարանաշինությունը, դրանք շահագրգռող պայմաններ են, որպեսզի մարդը տվյալ տարածքում մնա ու աշխատի, ոչ թե թողնի գնա խոպան։ Մեր համայնքները դատարկվում են այսօր։ Բայց ով իր գյուղն ու ծննդավայրը սիրում է, չեն հեռանում գյուղից, օրինակ, ես ու իմ ընտանիքը նվիրված ենք էս հող ու ջրին, ո՞ւր գնանք»,- հավելում է նա։
Վայոց ձորի մարզի պատմական Գլաձոր գյուղում մասնագիտությամբ մանկավարժ, աշխարհագրագետ եւ պատմաբան Նորիկ Մկրտչյանը հիմնադրել է հայկական ավանդական ուտեստներ ճաշակելու «Նոր տուրս» գաստրոբակը: «Ես Վայոց ձորը Լեռնահայատասնի դարպասն եմ համարում։ Վայոց ձորում թաքնված արժեքներ շատ կան, հարզամյակների պատմություն ունեցող մարզի մասին գիտեն շատերը։ Նաեւ իմ շնորհիվ երեւանյան շատ տուր օպերատորներ Վարոց ձորում բացահայտել են շատ արժեքներ եւ մշակվել են նոր տուր փաթեթներ։ Հիմա շատ նոր տուրեր են ավելացել Վայոց ձորում»,- ասում է նա։
Նորիկ Մկրտչյանն ասում է, որ իր գործը լավ առումով վարակիչ է, չնայած սահմանամերձ մարզ է․ «Հիմա, որ մեր հարեւանները տեսնում են, որ ես վստահ քայլեր եմ անում, ոգեւորվում են, դա հույս է տալիս, որ ամեն ինչ վերջացած չէ, կարելի է այստեղ ներդրում անել, ապրել, այս հողը շենացնել»։
Եղեգնաձոր խոշորացված համայնքի «Օլդ բրիջ» գինու բրենդի հիմնադիր եւ սեփականատեր Արմեն Խալաթյանը մարզ այցելած լրագրողներին շտապում է տեղեկացնել՝ գինեգործության 6000 տարվա ժառանգություն կա Վայոց ձորի մարզում։ Իրենց այցելած զբոսաշրջիկներին միշտ ասում են, որ այս տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիք պոտենցիալ պրոֆեսիոնալ գինեգործ է, որովհետեւ սերունդներով ունեցել են սեփական գինու տեխնոլոգիա։ Եվ ամեն ընտանիք մինչեւ հիմա էլ մտածում է, որ իր տեխնոլոգիան լավագույնն է, գաղտնի են պահում։
Արմեն Խլղաթյանը գոհ է իր ստեղծածի արդյունքից, բայց ասում է՝ լավ կլիներ, եթե մարզերի բիզնեսների համար հարկային քաղաքականությունը վերանայվեր։ Մարզերում մատակարարների շղթան գյուղացիական տնտեսություններն են, ինչպե՞ս են մարզերի գործարարները թղթաբանություն ապահովելու, որպեսզի շրջանառության հարկի բեռն իրենց համար չծանրանա։ Այս հարցը շատ է հուզում մարզերում այսօրինակ բիզնեսով զբաղվողներին։
«Ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք ավելի ճկուն ու ավելի նպաստող հարկային օրենսդրություն՝ հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար։ Օրինակ՝ հարեւան Վրաստանում գինեգործությունը մեծ առաջընթաց է ապրել, այսօր տարեկան 3 մլն-ից ավելի զբոսաշրջիկ գաստրո եւ գինու տուրիզմի համար այցելում են Վրաստան։ Դա կառավարության աջակցության շնորհիվ է եղել՝ հարկային օրենսդրության փոփոխություն, ճկուն պայմաններ, հարկերի հետաձգում, ներկրված սարքավորումների համար արտոնություններ։ Երեւի մեր կառավարության հնարավորություններից ելնելով՝ մենք այդքան աջակցություն չենք ստացել։ Թեեւ վերջին 4-5 տարիներին նկատելի փոփոխություն կա փոքր ու միջին բիզնեսին աջակցելու առումով, պարզապես հարկային բեռը կարելի էր մի քիչ թեթեւացնել»,- ասում է նա։
Արմեն Խլղաթյանը նշում է՝ փորձում է իր օրինակով ցուց տալ, որ հնարավոր է ապրել ու արարել սեփական հայրենիքում։ «Սա մեր երկիրն է, ո՞ւր պետք է գնանք, ո՞ւմ պետք է թողնենք։ Մենք պետք է պահենք այս երկիրը, եթե աշխատատեղ չլինի, ո՞նց պահենք»,- ասում է նա։
Այս բոլոր բիզնեսները, ինչպես նաեւ Արենիի «Շերամ» ազգային խոհանոցը, Եղեգնաձորի «Փունջ» պահածոների գործարանը եւ համտեսի սրահը, Վերնաշենի «Կրիա» գինիների համտեսի սրահը, «Արփա» բնապահպանական լանդշաֆտ ծրագիրը, Շաղատի գյուղատնտեսական կոոպերատիվը տարբեր բաղադրիչներով աջակցություն են ստացել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում։
ԼԻԼԱ ծրագրի նպատակն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերում բնական ռեսուրսների պահպանության և կայուն օգտագործման միջոցով երկրի գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ: ԼԻԼԱ ծրագիրը գործում է Տավուշի, Լոռվա, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում։ Ծրագիրն ունի երկու բաղադիրչ՝ տնտեսական զարգացում եւ բնապահպանություն։
«Ընտրված գյուղական համայնքներում ունենք 20 բիզնեսներ, որոնք գործում են զբոսաշրջության ոլորտում եւ 10 մատակարարներ։ Ունենք նաեւ բաղադրիչ, որի շրջանակներում համագործակցում ենք տուրօպերատորների հետ, որոնք ծրագրի արդյունքում ստեղծված պորդուկտներն ու ծառայությունները ներառում են տուրփաթեթներում»,- ասում է ԼԻԼԱ ծրագրի տուրիզմի պատասխանատու Լիլյա Թորոսյանը։
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի խոսքով՝ այս եւ մյուս ծրագրերը հեռանկարում տուրիզմի զարգացմանն են նպաստելու։ Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Եղեգնաձոր համայնքը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի։ Մարզի տեսարժան վայրերից են Սպիտակավոր վանական համալիրը, Թանահատի վանքը, Պռոշաբերդը, Գլաձորի համալսարանը, Վայոցսարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ