Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությունն այսօր Շուշիում կազմակերպել է «Շուշին թյուրքական ժողովուրդների միության մշակութային մարգարիտն է» խորագրով մանկական ստեղծագործական միջազգային փառատոնը։
Առաջին հայացքից թվում է՝ հրաշալի միջոցառում է, բայց՝ միայն առաջին հայացքից։ Միջոցառումը կազմակերպել է մի պետության կառավարություն, որն ընդամենը 5 տարի առաջ նույն Շուշի քաղաքի երեխաներին զրկեց իրենց հայրենիքում մանկությունն անցկացնելու ու ապրելու իրավունքից։
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը համակարգված կերպով իրականացրին ռազմական հանցագործություններ, որոնք ուղղված էին ոչ միայն պաշտպանական դիրքերի, այլև՝ անմիջապես խաղաղ բնակչության դեմ։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախում տեղի ունեցան մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, տուժեցին անմեղ երեխաներ։
Հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտունի քաղաքի վրա իրականացված հրետանակոծության հետևանքով, սպանվեց 9-ամյա մի աղջիկ, իսկ նրա 2 տարեկան եղբայրը ստացավ մարմնական ծանր վնասվածքներ։ Հոկտեմբերի սկզբին՝ Մարտակերտ քաղաքից տարհանվելու ժամանակ, Ադրբեջանի զինված ուժերի՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ծանր վիրավորվեց 13-ամյա մի տղա։ Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում, դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով, վիրավորվեց 14 տարեկան տղա։ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 5 խաղաղ բնակիչ՝ երեքը՝ երեխաներ։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 20-ին, ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկատվության, արձանագրվեց առնվազն 200 մահ և 400-ից ավելի վիրավոր: Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցեց 40-ը, որոնցից 13-ը՝ երեխաներ։
44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխաներ զրկվեցին կրթություն ստանալու իրենց իրավունքից։ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրեց այց Հայաստանի Գեղարքունիքի մարզ՝ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների մասին փաստահավաք աշխատանքներ անցկացնելու առաքելությամբ։ Փաստահավաք խումբը տեղում արձանագրեց, որ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները Հայաստանի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվել են սեպտեմբերի 27-ին՝ վաղ առավոտից սկսած: Սոթք գյուղի բնակելի հատվածի ուղղությամբ ԱԹՍ հարվածի արդյունքում վնասվել էր ոչ միայն բնակելի տներից մեկը, այլև՝ պայթյունի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցը: Ծնողների խոսքով՝ ապահովության համար երեխաների հետ ստիպված էին ժամանակավորապես թաքնվել նկուղներում։
Միջազգային հանրության թողտվության պայմաններում ադրբեջանական զինված ուժերը, դիտավորյալ շարունակելով պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ, թիրախավորեցին անգամ Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնը:

Ադրբեջանը թիրախավորվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում