Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Հայաստանից ներգրավված ուսանողների կրթության եւ կացության ֆինանսավորումը Վրաստանում՝ միաժամանակ պահպանելով Ադրբեջանից ներգրավված ուսանողներինը

Հունիս 01,2025 21:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA)՝ հայաստանցի ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատությամբ։ ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Հայաստանից ներգրավված ուսանողների կրթության եւ կացության ֆինանսավորումը Վրաստանում՝ միաժամանակ պահպանելով Ադրբեջանից ներգրավված ուսանողներինը։

Արդեն 20 տարի շարունակվող ծրագրի համար Հայաստանից ու Ադրբեջանից ուսանողներ է ընտրում ու Վրաստան ուղարկում հենց տվյալ երկրի ԱՄՆ դեսպանատունը։ 2024-26 թթ ուս․ տարվա համար ընտրված ուսանողների միայն մեկ՝ աշնանային կիսամյակի կրթաթոշակը ԱՄՆ կառավարությունը տրամադրել է, բայց գարնանային կիսամյակից սկսած պարզ է դարձել, որ հայաստանցի ուսանողների համար կրթաթոշակը դադարեցվում է, մինչդեռ ադրբեջանցի ուսանողների համար՝ շարունակվում։

Այս անհավասարությունից թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան դժվար իրավիճակում են հայտնվել Հայաստանից ներգրավված ուսանողները։ Կրթական ծրագրին մասնակցելու համար նրանք հրաժարվել են իրենց աշխատանքից եւ տեղափոխվել օտար երկիր՝ Վրաստան, առաջիկա 2 տարին պլանավորելով տրամադրել ուսմանը։ Զրկվելով ԱՄՆ կառավարության կրթաթոշակից նրանք օտար երկրում մնացել են առանց կեցավայրի եւ առանց ուսման վճարի՝ հնարավորություն չունենալով շարունակել այնքան կարեւոր ուսումնական պրոցեսը։

Սա նաեւ հոգեկան տառապանք է պատճառում հայ ուսանողներին, քանի որ տարբերակված մոտեցումը ակնհայտ է իրենց ու նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների միջեւ։ Նրանք սա դիտարկում են որպես ԱՄՆ կառավարության քաղաքական խտրական մոտեցում իրենց երկրի հանդեպ,  ինչը նաև ծանր մթնոլորտ է ստեղծում լսարանում։

Ուսանողներն այս մտահոգությունների մասին բարձրաձայնող պաշտոնական նամակ են հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին ապրիլի 23-ին, բայց արդեն ավելի քան մեկ ամիս է անցել՝ որեւէ պատասխան չեն ստացել։ Սա տարօրինակ լռություն է, քանի որ բոլոր նամակներին դրական կամ բացասական արձագանք, ամեն դեպքում, պետք է լինի։

ԱՄՆ դեսպանատունը, որը պատասխանատու է ուսանողների համար, քանի որ հենց ինքն է ընտրել եւ Վրաստան ուղարկել նրանց՝ ինքն էլ պայմանագիր կնքելով Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի հետ, անհասկանալի լռություն է պահպանում հայ ուսանողների համար ծրագրի դադարեցումից հետո։ Անգամ դադարեցման մասին հայ ուսանողները տեղեկացել են ինստիտուտի տնօրինությունից, ոչ թե դեսպանատնից։ Միևնույն ժամանակ, նույն ծրագիրը շարունակվում է Ադրբեջանի համար և ադրբեջանցի ուսանողները շարունակում են ստանալ նույն ֆինանսական աջակցությունը։

Այս փաստը Հայաստանից ներգրավված ուսանողներին ստիպում է հարցեր բարձրացնել՝

  • Արդյո՞ք սա վկայում է ԱՄՆ արտաքին քաղաքականության կողմնակալ մոտեցման մասին։
  • Ինչո՞ւ են հայաստանցի ուսանողները զրկվում նույն հնարավորությունից, որը շարունակում է հասանելի լինել տարածաշրջանային հարևան պետության ուսանողներին։
  • Ինչո՞ւ է անտեսվում մի խումբ երիտասարդների իրավունքն ու ակնկալիքները, որոնք արդեն սկսել էին իրենց կրթությունը՝ վստահելով ԱՄՆ-ից տրված երաշխիքներին։

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում սովորելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ընտրած եւ նրանց ֆինանսավորմամբ Վրաստանում մեկ կիսամյակ սովորած ուսանողները պահանջում են, որ դեսպանատունը ներկայացնի պաշտոնական պարզաբանում, վերանայի խտրական որոշումը եւ հաստատի նաեւ իրենց կրթաթոշակը՝ հավասար հնարավորություն ստեղծելով հայ եւ ադրբեջանցի ուսանողների համար՝ ուսանելու միեւնույն կրթական ծրագրում։

Հարգանքով՝

Աննա ՔԵՇԻՇՅԱՆ (ԲԱԼՅԱՆ)
Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

GIPA–ի հայազգի ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30