«Մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտումներով և պատրաստակամություն ենք հայտնել ես և Արգիշտի Գևորգյանը լինել մեր քաղաքացիների կողքին։ Գիտենք՝ ինչ խարդախությունների ու անօրինականությունների զոհ են դարձել մեր քաղաքացիները»,- վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիներին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ղազարյանը։
Նշենք, որ այս պահին վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները հանդիպում են «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։
Լրագրողների փաստմանը՝ ցույցի մասնակիցները պահանջում են ԿԲ նախագահի հրաժարական, Արմեն Ղազարյանն այսպես արձագանքեց․ «ԱԺ պատգամավորներն են ընտրել ԿԲ նախագահին, և որպես խորհրդարանական երկիր ԿԲ նախագահը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել պատգամավորներին և հիմնավորումներ ներկայացնել։ Սա խորհրդարանական երկիր է, և մեծ հաշվով՝ գործադիր մարմինը և ԿԲ նախագահը հաշվետվու են ԱԺ պատգամավորներին»։
Հարցին՝ քաղաքացիների խնդրի հասցեատերը ԿԲ-ն է՞, պատգամավորը պատասխանեց․ «Ինչքան ծանոթ եմ՝ այստեղ 10 հազար քաղաքացու իրավունք է խախտվել։ Նաև քաղաքացիներին լսելիս հասկանում ենք, որ բանկային համակարգում կան սողանքներ՝ մտածված թե տեխնիկապես, ինչի պատճառով մեր քաղաքացիները տուժել են։ 2020-ից մինչև օրս այս մարդիկ տուժել են․ իրավապահ համակարգը, դատախազությունն ի՞նչ միջոցներ են ձեռնարկել՝ հակառակ դեպքում սա պաշտոնական անփութություն, ամենաթողություն է։ Հասկանանք՝ կառավարությունը, մեր ընտրած մարմինները ինչպես են մեր քաղաքացիների՝ խաթարված իրավունքները վերականգնում։ 10 հազարից ավելի քաղաքացիների մասին է խոսքը։ Էս մարդկանց դանակը ոսկորին է հասել, որ եկել են այստեղ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ