Տեսեք, Հայ առաքելական եկեղեցին այն սակավ ինստիտուտներից է, արդեն երևի կարելի է ասել՝ միակ հաստատությունն է, որը Փաշինյանը չկարողացավ զավթել 2018-ից հետո: Գործնականում բոլոր պետական ինստիտուտները զավթեց, գրավեց դատարանները, Սահմանադրական դատարանը, բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգության և իրավապահ մարմինները, պետական կառավարման համակարգը, բուհերը, դպրոցները, ստեղծագործական միությունները: Գրեթե ամեն ինչ, բայց ոչ Մայր Աթոռը:
Չկարողացավ զավթել, չնայած բազմաթիվ ու շարունակական փորձերին: Բավական է հիշեցնել «Նոր հայրապետ» խայտառակ շարժումը, Ամենայն հայոց կաթողիկոսի վրա ֆիզիկական հարձակման փորձերը, Հայ առաքելական եկեղեցին հարկային տեռորի ենթարկելու փորձը և այդպես շարունակ:
Եվ այն, որ չի կարողանում գրավել Եկեղեցին, Նիկոլ Փաշինյանին հունից հանում է: Նա, տեսեք, արդեն ծուռվիզ կեցվածքով պայմանավորվել է Էրդողանի հետ, մի գավաթ սուրճի շուրջ շարունակում է խաղաղության թուղթ մուրալ Ալիևից: Բայց մեկ էլ այդ ամենի խորապատկերում Հայ առաքելական եկեղեցու կողմից, Վեհափառի գլխավորությամբ, միջազգային հարթակներում հնչեցվում են Արցախի հայության անկապտելի իրավունքների, Արցախի հոգևոր-մշակութային հայկական ահռելի ժառանգության պահպանման հարցերը: Դա էլ է հունից հանում Փաշինյանին: Դա և, կրկնենք, այն, որ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսները՝ Գարեգին Երկրորդը, Արամ Ա-ն, նվիրապետական աթոռների գահակալները, հոգևոր վերնախավը, մեծ հաշվով, չանցան Փաշինյանի «թրի տակով»: Չանցան, չնայած նրա անդադար շանտաժներին, հիստերիաներին ու անընդունելի այլևայլ դրսևորումներին, ինքնակոչ ինկվիզիտոր-հավատաքննիչի նրա կեցվածքին:
Այնպես որ, սա, կրկնենք, առանձին վերցրած որևէ հոգևորականի կամ որևէ անձի կողմից մեղք գործել-չգործելու հարց չէ: Սա ամենաիսկական պատերազմ է հենց Եկեղեցու դեմ:
Կարդացեք նաև
Առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ, չնայած ամեն ինչին, Հայ առաքելական եկեղեցին այն հաստատությունն է, որն ունի հայության ճնշող մեծամասնությանը համախմբելու, միավորելու և ազգային-կառուցողական, բնականոն հուն վերադարձնելու ներուժ: Ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլ համայն հայությանը միավորելու ներուժ: Բնականաբար, կան այնպիսիք, որոնք չեն կարող հանդուրժել նման կառույցի առկայությունն ու գործունեությունը: Նրանք չեն կարող հանդուրժել ազգասեր, հայրենասեր, պետականասեր, արժեքներ կրող մարդկանց համախմբումը…
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում