Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը

Հունիս 03,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։ Պատվիրակությունը ժամանել էր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովին մասնակցելու համար:

Ողջունելով հյուրերին՝ նախագահն ասել է. «Հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցությունն ունի իր ուրույն տեղը։ Այն սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, սակայն առավել ընդգծված և կարևոր բնույթ է ստացել հատկապես 2020 թվականից հետո՝ տեղի ունեցած իրադարձություններով։

Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերել եք նաև որպես տեղական իշխանություններ։ Ձեր հնչեցրած հայտարարությունները, ընդունած որոշումները և, հատկապես, հետագա գործնական քայլերը մեզ մեծ աջակցություն են եղել:

Այս համագործակցության կարևորագույն կողմերից է այն, որ արդեն իսկ իրականացվել են մի շարք շոշափելի ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում։ Ծրագրերը ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտները և, ամենակարևորը՝ նպաստում են տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է. «Շնորհակալություն, պարոն նախագահ, մեզ ընդունելու և ժամանակ տրամադրելու համար։ Եթե այսօր Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովն անցկացվեց հաջողությամբ, ապա դա հայ ու ֆրանսիական տեղական իշխանությունների համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքն է, որի համար մենք խորապես երախտապարտ ենք»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության բազմաշերտ օրակարգի հստակեցմանն ու նոր ուղղություններով զարգացմանը։

Քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրությամբ անդրադառնալով պաշտպանական, էներգետիկ, գյուղատնտեսական, կրթական, ենթակառուցվածքային, առողջապահական, հումանիտար և բնապահպանական ոլորտներում ծրագրերի ընթացքին ու հեռանկարներին։

Մտքեր են փոխանակվել մասնագիտական փորձի փոխանակման, տեխնիկական աջակցության, համատեղ նախագծերի իրականացման և տեղական կարողությունների զարգացման անհրաժեշտության մասին։

Նշվել է, որ հայաստանյան և ֆրանսիական քաղաքների միջև «քույր քաղաքներ» ձևաչափով համագործակցությունը հանդիսանում է ապակենտրոնացված գործակցության ամրապնդման կարևոր միջոց, որը կարող է էական խթան հանդիսանալ նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացման համար։ Կարևորվել է նաև բնապահպանության և քաղաքային միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների խթանումը։

Զրույցի ընթացքում կարևորվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանումը ներդրումների ներգրավման և առևտրատնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ֆրանսիական բարեկամության խորացման և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության շարունակական զարգացման հանձնառությունը։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30