Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն մեծապես ռազմավարական» հարաբերություններ. Երեւանն ու Փարիզը վստահեցնում են

Հունիս 04,2025 12:00

Ֆրանսիան պատրաստ է էլ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Դեռեւս 2023թ. հոկտեմբերի վերջին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ասել էր, որ Փարիզը Երեւանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ըստ պաշտոնյաների՝ ֆրանսիական կողմը օգնում է Հայաստանին` Զինված ուժերի բարեփոխումների հարցում:

«Ինչպես հայ ժողովրդի պատմության դժվարին պահերին, այսօր էլ Հայաստանի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակում Ֆրանսիան եւ ֆրանսիացի ժողովուրդը մեր կողքին է, ինչն արժանի է ամենաբարձր գնահատանքի, ինչի համար նորից եմ շնորհակալ»,- իր հերթին նշել էր Սուրեն Պապիկյանը:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն այդ ժամանակահատվածում հայտնել էր` ռազմական մատակարարումների պայմանագրով նախատեսվում է ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերում, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը։ Ֆրանսիական կողմի հաղորդագրության մեջ նշվել էր, որ այս համագործակցությունը կամրապնդի նաեւ սահմանների պաշտպանությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարն այդ օրերին Փարիզում շեշտեց՝ գործակցում են մի շարք ուղղություններով. «Այսօր մեր համագործակցությունն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պաշտպանական միջոցների արդիականացման, անձնակազմի կրթության, նախապատրաստության, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության եւ մի շարք այլ ուղղություններ, որոնք առաջնահերթություն են մեր Զինված ուժերի համար»:

Սա ռազմական ոլորտում համագործակցության առաջին պայմանագիրն էր, որը Երեւանը կնքեց արեւմտյան երկրի հետ՝ Մոսկվայի հասցեին հնչող քննադատություններից հետո: Արդյո՞ք Ֆրանսիայից նախատեսվող ռազմական մատակարարումները նշանակում են, որ Հայաստանը Արեւմուտքում է անվտանգության երաշխավորներ փնտրում: Կարծես, քայլերը դա էին հուշում, սակայն ամեն ինչ միանշանակ չէ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, Սեբաստիեն Լըքորնյուն նշել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։ Վերջին պատերազմից հետո Ֆրանսիան Հայաստանի զենքի առանցքային մատակարարներից մեկն է դարձել, ինչին խիստ ընդդիմանում են Մոսկվան ու Բաքուն: Իհարկե պարզ է, որ Ֆրանսիան նաեւ իր ակտիվությամբ ցույց է տալիս, որ տարածաշրջանային կարեւոր դերակատար է:

Անցյալ շաբաթ Հայաստան ժամանեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում մասնակցեց «Երեւանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին:

Ժան-Նոել Բարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել էր Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Ֆրանսիան պատրաստ է էլ ավելի խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Նրանք քննարկել էին ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր էին փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ:

«Ես եկել եմ՝ Հայաստանում եւս մեկ անգամ նշելու Ֆրանսիայի աջակցությունը, որը հանրապետության նախագահը ցանկացել է, որ լինի անխախտ, կայուն եւ ամբողջական»,-Երեւանում հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Ժան-Նոել Բարոն նշեց, որ Փարիզն առաջին հերթին աջակցում է խաղաղության համաձայնագրին Բաքվի հետ: «Ինչպես իմ գործընկեր Մարկո Ռուբիոն է ասել, ժամանակն է այն ստորագրելու եւ վավերացնելու: Ահա ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը՝ լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը: Այս ամենի նպատակն է տալ Հայաստանին հնարավորություն՝ ապահովելու իր պաշտպանությունը ու իր ինքնիշխանությունը», – ասաց ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան, փաստացի ընդգծելով պաշտպանական համագործակցությունը:

Հարցին, թե արդյոք Ֆրանսիան եւ Հայաստանը պատրա՞ստ են հարաբերությունները տեղափոխել ռազմավարական գործընկերության մակարդակ, այդ համատեքստում ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դերը տարածաշրջանում, ում հետ հարաբերությունները, ինչպես Երեւանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, բարդ են, Ժան-Նոել Բարոն արձագանքեց՝ նախ նշելով, որ «երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ արդեն մեծապես ռազմավարական են» հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը համաձայնեց Հայաստան-Ֆրանսիա համագործակցության մասին հայտարարություններին. «Ինչպես արդեն ասվեց, մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ մեր խորը համագործակցությունը նաեւ փաստաթղթային ձեւակերպմամբ ճիշտ անունները եւ որակավորումները կրի»:

Հայաստանը եւ Ֆրանսիան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրեն

Մայիսի 26-ին թե՛ Բարոն, թե՛ Միրզոյանը հայտարարեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին նաեւ փաստաթղթով ռազմավարական բնույթ տալու մտադրության մասին: «Մեր երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ արդեն մեծապես ռազմավարական են հարաբերությունները: Իմ պաշտոնակից Արարատի հետ մտադիր ենք այս ամենը թղթին հանձնել՝ նախապատրաստելով ռազմավարական գործընկերություն, որը պարզապես ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, բայց նաեւ նախանշելու ապագա տասնամյակների համար այլ ծրագրեր ու նախագծեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում», – ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը նաեւ վիզաների ազատականացմանը, Խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցելու խոստում հնչեցրեց: Նաեւ նշվեց՝ Հայաստանը ֆրանսիական ընկերությանն է վստահել կենսաչափական անձնագրերի թողարկումը:

Բայց թե երբ հայաստանցիներն առանց մուտքի արտոնագրի դեպի Եվրոպա կճամփորդեն, ժամկետներ չհնչեցին: Միրզոյանի փոխանցմամբ՝ բանակցությունները սկսված են, բայց նաեւ կան տեխնիկական հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ընդ որում՝ դրանց մի մասը Հայաստանի պարտավորություններ են: «Խոսեցինք բիոմետրիկ անձնագրերից՝ սա միայն մեկն է այն անելիքներից, որոնք պետք է ապահովվեն, որպեսզի Հայաստանը եւ Եվրոպական միությունը միասին կարողանան այդ որոշմանը գալ: Այսինքն՝ այստեղ բանակցությունները միայն համոզելու մասին չեն, այլ նաեւ պատկերացնելու այն ճանապարհը, այն քայլերը, որոնք պետք է արվեն երկու կողմերի կողմից էլ», – նշեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Սակայն այնուհետեւ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ երեք փաստաթուղթ է ստորագրվել: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում եւ դիվանագետների վերապատրաստում:

Նախարարները ստորագրել են նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) եւ Տնտեսական համագործակցության խթանման եւ մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման եւ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։ Արձանագրության նպատակն է տարածել Համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ նախատեսելով վերջինիս գործունեությունը Հայաստանի տարածքում՝ միտված տեղական իշխանությունների, կառավարությունների, պետական գերատեսչությունների կարողությունների բարձրացմանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի ներկայությամբ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրել են Enterprise Armenia հիմնադրամի եւ Business France ֆրանսիական ընկերության միջեւ փոխըմբռնման հուշագիր:

Շարունակությունը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30