Լրահոս
Օրվա լրահոսը

«Դոգի» եւ Փաշինյանի հայհոյանքների տարբերությունը

Հունիս 04,2025 10:00

Մանկապարտեզային տրամաբանությունը մեր իշխանավորների մոտ չափազանց զարգացած է: Հենց որ սկսում են իրենց անպարկեշտ պահել, միանգամից արդարացում են գտնում՝ «բա որ նրանք…», «նրանք առաջինն են սկսել, մենք միայն պատասխանում ենք»: «Նրանք», այսինքն՝ ընդդիմադիր գործիչները, բլոգերները, ստատուսագիրները եւ այլն, նույնպես շատ վատ են վարվում, երբ անձնական վիրավորանքներ կամ բամբասանքներ են գրում իշխանավորների հասցեին: Բայց սիմետրիա, այնուամենայնիվ, չկա:

Երբ հայհոյում կամ բանսարկություններով է զբաղվում «Դոգը» (եւ նման հազարավոր մարդիկ), եւ երբ նույնն անում է Փաշինյանը, դա զուտ էթիկական առումով հավասարապես դատապարտելի է, բայց քաղաքականության, պետականության առումով դրանք չափազանց տարբեր երեւույթներ են: Երբ «Դոգը» թիրախավորում է ՀՀ X քաղաքացուն, նա որեւէ լծակ չունի այդ քաղաքացուն էական վնաս տալու: Նրա մեջքին կանգնած չեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները եւ այլն: Վարչապետն այդ բոլոր գործիքներին տիրապետում է: Իհարկե վատ է, որ նա հնարավորություն ունի այդ գործիքներն իր անձնական-քաղաքական շահերի համար օգտագործելու, վատ է, երբ ՔՊ-ականը դառնում է ոստիկանապետ, բայց դա այլ թեմա է: Մենք խոսում ենք եղած իրողությունների մասին:

Օրինակ, երբ Փաշինյանը կամ նրա մերձավոր շրջապատից որեւէ մեկն ասում է, որ այս մարդը «թալանչի է», դա նշանակում է, որ նա կարող է մոբիլիզացնել իր ողջ ռեպրեսիվ ապարատը՝ այդ թեզն ապացուցելու համար: Երբ վարչապետն ասում է, որ այսինչ մարդը սեռական կապի մեջ է այսինչ կնոջ հետ, դա չի կարող համեմատվել «Դոգի» հայհոյանքների հետ, որովհետեւ ակնհայտ է, որ Փաշինյանն օգտագործելու է իր ձեռքի տակ եղած պետական ապարատը՝ այդ կոմպրոմատն «աշխատեցնելու» եւ ինչ-որ տեղ արտահոսք անելու համար: Բայց եթե նույնիսկ այդպիսի ուղիղ հրահանգ չլինի, հիշյալ կառույցներում կգտնվեն որոշ ակտիվ կերպարներ, որոնք կցանկանան այդպես ծառայել պետության առաջին դեմքին:

Այնպես որ՝ իշխանավորների, նրանց մերձավորների եւ, մյուս կողմից՝ շարքային քաղաքացիների «անպատեհ խոսույթները» լրիվ տարբեր բաներ են: Եթե նույնիսկ «նաչալնիկները» նախահարձակ չեն, այլ պարզապես «համարժեք պատասխան» կամ «շեշտակի հակահարված» են տալիս, նրանց այդ «հակահարվածները» կարող են «վարչական հետեւանքներ» ունենալ:

 

…«Հասարակությանը կրթելու» մասին էլ չեմ խոսում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ազգային Ինքնությունն Ավելի Խորն Է, Քան Ծեսը.
    Հաճախ ենք լսում, թե ինչպես է հայ լինելը նույնացվում Հայ Առաքելական Եկեղեցու անդամակցության կամ ծեսերի խստապահանջ կատարման հետ։ Սակայն իմ տատի ու պապի կյանքը վառ ապացույց է, որ ազգային ինքնությունը շատ ավելի խորն է ու բազմաշերտ, քան պարզապես կրոնական պատկանելությունը։ Նրանք կրոնից հեռու մարդիկ էին՝ չէին այցելում եկեղեցի ամեն կիրակի, չէին համբուրում եկեղեցու պատերն ու քահանայի աջը, չէին խաչակնքվում ամպրոպի պահին և Աստծո անունը անտեղի չէին տալիս։ Այնուամենայնիվ, իրենց ամբողջ կյանքն ապրեցին՝ մոտ լինելով Աստծո կերպարին, իսկ նրանց հայանպաստ գործունեությունը հիմնված էր բացառապես ակադեմիական գիտելիքների և անմնացորդ ջանքերի վրա։
    Այսօր տագնապալի է լսել, թե ինչպես են եկեղեցու որոշ քարոզիչներ հայտարարում, որ Հայ Առաքելական Եկեղեցում չկնքվածը չի կարող հայ համարվել։ Այդ խոսքերը հաճախ հնչում են հոգևորականների շուրթերից, ովքեր, կարծես, չունեն ոչ մի այլ գիտելիք, բացի ծիսակատարություններից։ Ավելին, այդ ծիսակատարությունների վրա նույնիսկ ջանք չի թափվում, որ դրանք դառնան ավելի հետաքրքիր, ավելի հանդիսավոր, ավելի գրավիչ կամ խորհրդավոր։
    Այսպիսով, առանց ջանքի, առանց խորը գիտելիքի, առանց տառապանքի ու զրկանքների՝ եկեղեցին ցանկանում է իշխել և թելադրել իր կանոնները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է տվել մեզ մեր հոգևոր ճեմարանները վերջին 30 տարվա ընթացքում։ Կա՞ արդյոք մեկ գիտնական, մեկ լեզվաբան, մեկ ֆիզիկոս կամ մաթեմատիկոս, կամ նույնիսկ մեկ շինարար, որը կրթվել է այնտեղ։
    Պարզագույն օրինակներով կարելի է տեսնել, որ եկեղեցին հաճախ անգործունակ է նույնիսկ առօրյա հարցերում։ Նույնիսկ վանքի պատից պոկված քարն ինքնակամ չեն կարող վերադարձնել իր տեղը՝ դրա համար կան բանվորներ։ Տարածքը մաքուր պահելու համար’ հավաքարարներ կան։ Այդ դեպքում, ո՞րն է հոգևորականի դերը, եթե նույնիսկ մեր հոգու համար չեն ուզում աղոթել։ Երբևէ տեսե՞լ եք հոգևորականի՝ վանքի մի խուլ անկյունում ինքնամոռաց աղոթք անելիս։ Ես՝ ոչ։
    Եզրակացություն
    Իմ տատի ու պապի կյանքը հիշեցնում է, որ իսկական հայ լինելը բխում է բարոյական արժեքներից, ակադեմիական գիտելիքներից, ջանքից, նվիրվածությունից և հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերից։ Սա այն է, ինչ պետք է դառնա մեր ազգային ինքնության հիմքը, այլ ոչ թե այն կուրացնող քարոզները, որոնք փորձում են նեղացնել հայ լինելու բուն իմաստը։
    Կարծու՞մ եմ, որ եկեղեցին պետք է վերանայի իր դերն ու մոտեցումները ժամանակակից աշխարհում։

Պատասխանել Հայ

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30