Ի՞նչ է կատարվում Նախիջևանում. Բաքվի իշխանություններն անջատողական շարժումների վտանգ են կանխատեսում, տեղեկանում ենք իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից:
4 օր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի վարչության պետ Ադալաթ Վալիևի ընկերներից մեկի կողմից ֆինանսավորվող և իշխանական թեզերի տարածմամբ զբաղվող լրատվամիջոցներից մեկի եթեր է հրավիրվել Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն և խոսել Նախիջևանի կարգավիճակի հետ կապված խնդիրների մասին։
Այստեղ դրված ընդամենը 5 րոպե տևողությամբ տեսահոլովակը բավական է հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրել Նախիջևանում (այս թեմայով տես նաև նախորդ գրառումները), ինչպիսին է այն այժմ, ինչպիսի խորը վախեր ու մտահոգություններ են առկա Ադրբեջանում Նախիջևանի հետ կապված, և ինչ գործընթացներ են սպասվում առաջիկայում հենց այս խնդրի հետ կապված։
Գրեթե ամբողջական սղագրությունը.
Կարդացեք նաև
🔶 Ադրբեջանի սահմանադրության մեջ Նախիջևանին պետության ստատուս տալուց հետո այն շատ մեծ արագությամբ դուրս էր եկել Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության վերահսկողությունից։ Վասիֆ Թալիբովը նույնիսկ մաքսային ծառայություն ստեղծեց և դրա գործառույթները հավասարապես կիրառում էր նաև Ադրբեջանի նկատմամբ։ Լրիվ առանձին մի պետության պես։
Նույնը վերաբերում էր նաև կադրային քաղաքականությանը։ Ադրբեջանից նշանակումներ էին անում, բայց Նախիջևանում չէին ընդունում։ Այս աստիճան կամայականություններ էին արվում այնտեղ։
🔶 Միայն Վասիֆ Թալիբովին իշխանությունից հեռացնելուց հետո հնարավոր եղավ որոշ քայլեր ձեռնարկել՝ Նախիջևանը Ադրբեջանին ենթարկելու և պետական օրենսդրության դաշտ տեղափոխելու ուղղությամբ։
Պետականության տեսակետից բացարձակ անընդունելի է, որ Նախիջևանն ունենա այդօրինակ լայն ինքնավարություն։ Դրա կարիքը չկա։ Իր տարածքով Նախիջևանը Ադրբեջանի մեծ վարչական շրջանների չափ է։ Շատ էլ թե Կարսի պայմանագրով ինքնավարության կարգավիճակ ունի։
Ծիծաղելի է այդ տարածքին այնպիսի իրավունքներ տալը, որոնց հաշվին այնտեղ կառավարող կամայական մարդիկ չկատարեն Ադրբեջանի նախագահի հրամանները և թույլ չտան, որ Ադրբեջանի օրենքները գործեն նաև Նախիջևանում։
🔶 Նույնպես և ծիծաղելի է այն, որ Ադրբեջանում կառավարում է նախագահը, իսկ Նախիջևանում՝ խորհրդարանը՝ իր ղեկավարով։
🔶 Հիմա, սահմանադրությունը փոխելու հարցում հիմնական խնդիրը վերաբերում է հենց կառավարման փոփոխություններին։
🔶 Խոսքը վերաբերում է նախագահի հատուկ և լիազոր ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը, որը թույլ կտա Նախիջևանը կառավարել Ադրբեջանի նախագահի հատուկ և լիազոր ներկայացուցչի միջոցով։
🔶Դա նշանակում է, որ եթե այս կետը ընդունվի, Նախիջևանի կառավարման ամենաբարձր օղակն ուղիղ և անմիջականորեն ենթարկվելու է Ադրբեջանի նախագահին։ Դա նաև բացառելու է այն, որ դրանք հետայսու կարողանան օգտվել սահմանադրությամբ տրված ինքնավարության կարգավիճակից։
🔶 Եւ դա շատ լավ կլինի, քանի որ Ադրբեջանի ամեն մի շրջանում, անկախ նրանից այդտեղ քուրդ է ապրում, թուրք, թե լեզգի կամ թալիշ, անջատողականության ծաղկման համար հող հանդիսացող ցանկացած գործոն պետք է չեզոքացվի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Նախիջևանում անջատողական շարժումներ սկսվեն, և այստեղ կապ չունի այն հանգամանքը, որ նույն ժողովուրդն ենք։
🔶 Ինձ թվում է, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական առանցքը հենց սա է լինելու։
🔶 Ի վերջո, շատ մեծ սխալ է թույլ տրվել ժամանակին, որ Նախիջևանին արտասովոր կերպով այսքան լայն ինքնավարություն է թողնվել։ Եւ Նախիջևանն էլ ինքն իրեն իրականում համարում է Ադրբեջանից անջատ պետություն։
🔶 Եթե հիշում եք, նույնիսկ այն պահին, երբ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ լարվել էին, Նախիջևանն անում էր ճիշտ հակառակը՝ ավելի սերտացնելով իր կապերը Իրանի հետ։ Սա նշանակում է մարտահրավեր նետել Բաքվին ու Ադրբեջանի ողջ ղեկավարությանը։
🔶 Ինչպե՞ս կարելի է կենտրոնական իշխանության քաղաքականությանը ամբողջովին հակառակ ու դրան հակասող քաղաքականություն վարել։ Աշխարհի ոչ մի երկրում այսպիսի բան չեք գտնի։
🔶Նախիջևանում մի ժամանակ առաջ իրենց այնպես էին պահում, կարծես լրիվ անջատ ու անկախ մի պետություն է դա։ Հարկ չէին վճարում, և ավելին, Նախիջևանի բանակը չէր ենթարկվում Ադրբեջանի նախագահին՝ խախտելով միասնական բանակի սկզբունքը։
🔶 Որտե՞ղ եք տեսել նման բան, որ մի պետության մեջ երկու գերագույն գլխավոր հրամանատար լինի։ Ադրբեջանում գերագույն գլխավոր հրամանատարը Ալիևն էր, Նախիջևանում՝ խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովը։ Այս աստիճանի էին հասել անամոթությունները Նախիջևանում։
🔶 Մենք անգամներ խոսել ենք այս խնդրի մասին, քանի որ սա պետության ու պետականության համար շատ իրական սպառնալիք է։
🔶 Ես կարծում եմ, որ Նախիջևանն առանձին սահմանադրության կարիք չունի։ Ադրբեջանում պետք է «Նախիջևանի ինքնավար հանրապետության կառավարման մասին օրենք» ընդունվի և դրա շրջանակներում իրականացվի այդ տարածքի կառավարումը։
🔶 Ի՞նչ է նշանակում առանձին սահմանադրություն։ Պետք է լինի միայն մեկ սահմանադրություն՝ Ադրբեջանի սահմանադրությունը, և նախիջևանցիները պետք է ենթարկվեն հենց դրան։
🔶 Ստացվում է, որ նախիջևանցիները երկու քաղաքացիություն ունեն՝ Ադրբեջանի քաղաքացիություն և Նախիջևանի քաղաքացիություն։ Բայց մյուս կողմից էլ Ադրբեջանի սահմանադրությամբ արգելված է երկքաղաքացիությունը։
🔶 Նախիջևանի սահմանադրությունը տեղով սպառնալիք է մեր պետության համար, քանի որ հենց միայն դա հերիք է, որ Նախիջևանը համարվի Ադրբեջանից անջատ ու առանձին պետություն։
🔶 Նույնիսկ սահմանադրության մեջ է գրվել «պետություն» բառը, գրված է «Նախիջևանյան պետություն» (Naxçıvan dövləti): Սա էլ պիտի վերացվի։
🔶 Նախիջևանին այս կարգավիճակով թողնելը նշանակելու է անիմաստ հույսեր տալ որոշ ուժերի, թե գնացեք անջատողական շարժումներ արեք, հետո եկեք Նախիջևանի պես ստատուս ստացեք։
🔶 Նախիջևանի ստատուսը պետք է իջեցվի։ Ցանկալի կլինի առհասարակ այդ կարգավիճակը չեղարկել, բայց դա կարող է հնարավոր դառնալ միայն այն ժամանակ, երբ մենք ցամաքային կապ ստեղծենք Նախիջևանի հետ։
Լուսանկարն արխիվային. Նախիջևան քաղաքի հայկական թաղամասը և եկեղեցին