«Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:
– Վարչապետը եկեղեցու դեմ հայտարարություններ է անում, խոսում եկեղեցականների վարքուբարքի, սեռական կյանքի, ապօրինի զավակների մասին: Փոխարենը մտածի իր թիմակիցների խայտաբղետ սեռական կյանքի ու վարքի մասին, իր ընտանիքի անդամներին բարեվարքության կոչի, եկեղեցականների անձնական կյանքով է մտահոգված: Ըստ Ձեզ` ո՞րն է սրա նպատակը:
– Սրանք ոչ թե եկեղեցու, այլ Հայոց հանրապետության վրա են հարձակվել, հայ ժողովրդի վրա, այս հարձակումը հայոց հենասյան վրա է, բայց վստահաբար ասում եմ, հավատացնում եմ բոլորին` չեն մարսելու, Հայոց ինքնության վրա հարձակումը նրանց ոչ մի լավ բանի չի բերելու: Որոշել են եկեղեցու վրա հարձակվել, որովհետեւ այդ նույն եկեղեցին է ամեն բան իրենց փոխարեն անում, այդ նույն եկեղեցին է զբաղվում հուշարձանների պաշտպանությամբ, այդ նույն եկեղեցին է զբաղվում հայ ռազմագերիների հարցերով: Իշխանությունը, փոխարենն այդ հարցերով զբաղվելու, Հայաստանի ինքնության վրա է հարձակում գործել: Ամոթ մեզ, հազար ամոթ, որ հանդուրժում ենք այս ամենը: Եկեղեցին է, որ այսօր խոսում է արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին, եկեղեցին է, որ խոսում է արցախցիների իրավունքների, Արցախի մշակույթի պահպանման հարցի մասին, որն այսօր մեծ հարցականի տակ է: Մեզ այս ամենը, կարծես, չի հուզում: Մենք այսքան հին ժողովուրդ ենք, սակայն թվում է, թե այս հարցերը մեզ համար երկրորդական են: Ես շատ հուզված եմ, վրդովված եմ, բայց վստահ եղեք` ստահակները գալիս ու գնում են, իսկ Հայոց պետականությունը, Հայոց աշխարհը` Արմենիան, կա ու լինելու է:
– Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պետք է միաբանվենք, համախմբվենք: Ո՞ւմ հետ, ինչպե՞ս եք դա պատկերացնում:
Կարդացեք նաև
– Ես կարդացի այդ հայտարարությունը, վատ հայտարարություն չէ, եկեք չմոռանանք, որ մենք առաքելական եկեղեցու մասին ենք խոսում, մեր եկեղեցին արժանի չէ քննադատության, այդ հայտարարությունը հայրաբար վերաբերմունքի արդյունք է, բայց արդեն բոլորիս համբերության բաժակն է լցվել….
– Բայց եթե իշխանությունը եկեղեցականներին անարգում է, հայհոյում ու վիրավորում է, արժե՞ նրանց վերաբերվել հայրաբար:
– Լավ հարց է, բայց այդ հարցի պատասխանը ես չունեմ, դրան պետք է Վեհափառը պատասխանի, ինչ վերաբերում է եկեղեցականներին հայհոյելուն, ապա հենց այս իշխանության բարոյականությունն է հարցականի տակ, այլ ոչ թե եկեղեցականների, Փաշինյանի գիրքը կարդացեք եւ կհասկանաք, թե խոսքն ինչի մասին է: Այդ գրքում հստակ նկարագրված է նրա բարոյական կերպարը, խոսքը մի իսկական այլանդակության մասին է, այլանդակություն` ոտքից գլուխ, ամեն մի տողն այլասերվածություն է այդ գրքի: