Սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է․ սա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի գնահատականն է, որն այսօր նա բարձրաձայնեց խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն տալիս է»,-ասաց ԳՇ պետը։
Արձագանքելով լրագրողների դիտարկումներին, որ ադրբեջանական կողմը հերքում է, թե իրենք են եղել կրակողները, Էդուարդ Ասրյանն ասաց. «Միանշանակ իրենք այդպես կասեն, բայց դե իրենք են կրակողները»։
Կրակոցների նպատակին վերաբերվող հարցերին էլ ԳՇ պետն այսպես պատասխանեց․ «Կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները, իսկ մեր գնահատականով նպատակները հետեւյալն են՝ փորձում են մեր զինծառայողների, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել։ Փաստն այն է, որ մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը»։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ ինքն է՞լ է վարչապետի կարծիքին, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, Էդուարդ Ասրյանն արձագանքեց․ «Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, այն ինչ նա հնչեցնում է․․․ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ