Լրահոս
Օրվա լրահոսը

«Թակել» բոլորի դռները

Մայիս 26,2023 12:00

Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու Հայաստանի սպառազինման հրամայականը պետք է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները լինեն

Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վրդովված էր… Ընդունելով երկրում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը, Ալիեւն իր ելույթում անդրադարձել էր հայ – ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նախ նշել էր, թե` «Հայաստանում գործում են ռեւանշիստական ուժեր, որոնք դեռեւս տարածքային հավակնություններ ունեն»։ «Խոսելով այն մասին, որ Հայաստանի սրընթաց սպառազինվելը նոր սպառնալիքներ է ստեղծում, պետության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ պետք է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնի», – ասվում էր Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում: Ալիեւը պնդել է, թե Հայաստանի այդ քաղաքականությունը «կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»։

Սա նշում է պետության մի ղեկավար, որը 44-օրյա պատերազմից հետո շարունակաբար շեշտում է, որ Ադրբեջանը շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Ընդամենը 2 շաբաթ առաջ Ալիեւը հայտնեց, որ 2023թ. պետական բյուջեն վերանայելիս կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, մի զգալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակներով։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, եւ մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք»:

Հայտնի է, որ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության եւ ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոսը:

Ինչո՞ւ է Ալիեւը ջղաձիգ, եթե իր երկիրը շարունակում է սպառազինություն ձեռք բերել, Ադրբեջանն ու Թուրքիան տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացնում:

44-օրյա պատերազմից հետո, հաղթանակից գլուխ կորցրած Ալիեւը, որը պատեհ-անպատեհ հիշեցնում է, որ երկիրը հաղթել է արցախյան երկրորդ պատերազմում, իրականում, ունի որոշակի վախեր, եւ հենց այդ պատճառով է թե Հայաստանին, թե Հայաստանի գործընկեր պետություններին անվերջ «հիշեցնում», թե ով է հաղթել պատերազմում:

Հայաստանի ռազմական հզորացման հեռանկարը Ալիեւի համար ուղիղ սպառնալիք է, որովհետեւ դա նաեւ դիվանագիտական ճակատում կարող է ամրացնել հայկական կողմի դիրքերը: Ալիեւը գիտակցում է, որ Հայաստանը ռազմական ոլորտում կարող է գործընկերներ ձեռք բերել, եւ միայն Պուտին-Ալիեւ պայմանավորվածությունները` խնդրի լուծում չեն:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը Հնդկաստանում ՀՀ դեսպանությանը կից ստեղծում է ռազմական կցորդի հաստիք, կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց։ Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է գործում դեռ 2003-ից, սակայն «վերջին ժամանակաշրջանում ռազմարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների եւ ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանում ստեղծել Հայաստանի ռազմական կցորդի հաստիք»: Կառավարությունն ակնկալում է, որ ռազմական կցորդը «կիրականացնի երկու երկրների ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքներ, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»:

Մարտի սկզբին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Նյու Դելիում Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկեց երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի եւ Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Ասրյանը մասնակցել էր նաեւ Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության եւ հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։ ԳՇ պետը Հնդկաստան էր ժամանել՝ գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Հայ-հնդկական հարաբերություններում որոշակի ակտիվություն է նկատվում հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Ինչպես հայտնի է, Ադրբեջանին դիվանագիտական եւ ռազմական աջակցություն է ցուցաբերում Պակիստանը, երկիր, որի հետ սուր անհամաձայնություններ ունի Հնդկաստանը։ Իսկ պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը եւ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։

Վերջին ամիսներին Հնդկաստանից սպառազինություն ձեռք բերելու թեման լայնորեն քննարկվում է միջազգային լրատվականներում: Մարտի սկզբին Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը նշեց, որ Հայաստանը հնդկական ընկերություններից մեկից ինքնագնաց MArG հաուբիցներ է պատվիրել: Ըստ լրատվամիջոցի՝ մինչ սպառազինության գնումը, անցած տարի Հնդկաստան մեկնած հայկական պատվիրակությունը փորձարկել է հաուբիցները։ «Ինքնագնացի վրա տեղադրված MArG 155/39 հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ, եւ գործարքը կնքվել է պաշտպանական ցուցահանդեսին այն բանից հետո, երբ այն համապատասխանել է հայկական բանակի կողմից սահմանված կրակային բոլոր չափանիշներին», – ըստ «Ազատության», գրել էր Indian Defence Research Wing-ը։

Այս տարվա սկզբին հնդկական մամուլը հայտնեց, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության ԾR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության հ-125 կպփՏՐՈ ՀՕՊ համակարգերը։

Անցյալ աշնանը Դելիում պնդում էին, որ Հայաստանը 260 մլն դոլարի հնդկական զենք է գնել: «Առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան»,- գրել էր Հնդկաստանում լույս տեսնող ամենահեղինակավոր անգլալեզու գործարար պարբերականը՝ Economic Times-ը։ «Զինելով Հայաստանը» վերնագրված հոդվածում հնդկական թերթը նշել էր, որ մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։ Թերթի փոխանցմամբ՝ Երեւանի եւ Դելիի միջեւ զենքերի ձեռքբերման շուրջ պայմանագիրը ստորագրվել է այս ամիս։ Թեեւ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները Economic Times-ին խուսափել էին մատնանշել մատակարարվող սպառազինության ընդհանուր արժեքը, պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում է շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար։ Գործարքի առանցքային կետն, իհարկե, հնդկական արտադրության համազարկային կրակի համակարգերի վաճառքն է։ Հնդկական թերթի փոխանցմամբ՝ այս գործարքով Հայաստանը դառնում է Pinaka ռեակտիվ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։

Հայաստանի կողմից Pinaka համակարգերի հնարավոր ձեռքբերման մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2018թ. ամռանը, երբ Հնդկաստան ժամանած հայկական ռազմական պատվիրակությունն ակնհայտ հետաքրքրություն էր ցուցաբերել այս զինատեսակի հանդեպ։ 2018-ի օգոստոսին այս մասին գրել էր Times of India թերթը՝ տեղեկացնելով, որ Հնդկաստանում գտնվող հայկական պատվիրակությունը դրանից մեկ ամիս առաջ այցելել էր Ռաջհաստան նահանգում գտնվող Փոխրանի ռազմավարժարան, որտեղ հայ զինվորականները հետեւել էին Pinaka համակարգերի կրակային վարժանքներին։

Բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ Pinaka համակարգերը հնդկական բանակի զինանոցում են հայտնվել 2000-ականների սկզբին՝ փոխարինելով խորհրդային արտադրության ռեակտիվ հրետանային միջոցները՝ մասնավորաբար «Գրադ» կայանքները։ Հնդկական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանին վաճառված ռեակտիվ համակարգերի հեռահարությունը հասնում է 60 կիլոմետրի, դրանցից յուրաքանչյուրն ի վիճակի է 44 վայրկյանում 12 հրթիռ արձակել, նախատեսված է հակառակորդի անձնակազմը, ծանր տեխնիկան, ինչպես նաեւ հրամանատարական կետերը ոչնչացնելու համար։ «Թեեւ սա բավական համեստ պատվեր է՝ շուրջ 260 միլիոն ամերիկյան դոլար, բայց կարեւոր է այն հանգամանքը, որ զենքն ու ռազմամթերքը Հայաստանին են վաճառվում ընթացիկ հակամարտության պայմաններում։ Բացի այդ, սա Pinaka հրթիռային համակարգերի արտահանման առաջին դեպքն է, ինչը կարելի է շրջադարձային կետ համարել։ Դա վկայում է այս զինատեսակի որակական հատկանիշների մասին։ Բացի այդ, այն հանգամանքը, որ մեկ այլ պետության հետ հակամարտության մեջ գտնվող երկիրը հենց այս զենքն է պատվիրում, արդեն իսկ խոսուն է», – ըստ «Ազատության»` հնդկական India Today հեռուստաալիքի եթերում ասել էր ռազմական փորձագետ Շիվ Արուրը։

Նկատենք, որ անցյալ տարի հոկտեմբերին հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել: Այդ մասին հայտնել էր հրթիռների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերության՝ Solar Industries-ը ղեկավար Սատյանառայան Նուվալը՝ Հնդկաստանում բացված DEFEXPO ցուցահանդեսի ժամանակ։ «Մենք Pinaka1-ի, ընդլայնված հեռահարության Pinaka-ի եւ կառավարվող Pinaka-ի արտահանման պատվեր ենք ստացել Հայաստանից։ Ըստ վերջնաժամկետի, պետք է այդ երեքն էլ ավարտենք երկու տարում», – ասել էր ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ղեկավարը։ Մեկ այլ պարբերական՝ The Print-ը, պնդել էր, թե Հայաստանն այժմ հետաքրքրված է հատկապես հնդկական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգով եւ հարվածային անօդաչու թռչող սարքերով։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի իր պաշտոնակցի՝ Շրի Ռաջնաթ Սինկհի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը ներկա էր գտնվել Հնդկական զենքի խոշոր ցուցահանդեսին` DEFEXPO-ին: Հենց այս այցի ընթացքում հնդկական կողմը, փաստացի, պաշտոնապես հաստատեց, որ Հայաստանը համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգերի երեք մոդել է պատվիրել: Հնդկական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ընդարձակվել՝ նոր սպառազինությունների ձեռքբերման հաշվին։

] 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները «խաղաղության» օրակարգի ջատագով են իրենց հռչակել այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ Արցախը շարունակում է շրջափակված պահել: Ակնհայտ է, որ Հայաստանին թշնամի համարող Ադրբեջանի ծավալապաշտական ձգտումների վերջը չի երեւում: Որքան շատ Հայաստանի իշխանությունները խոսեցին «խաղաղության» մասին, այնքան ավելացան Ալիեւի պահանջներն ուղղված Հայաստանին: Հետեւաբար, Հայաստանը` շարունակելով մնալ կառուցողական դաշտում, հավատարիմ մնալով խաղաղության օրակարգին` ռազմական կարողությունները մեծացնելու հստակ քաղաքականություն պետք է վարի եւ այս հարցում գործընկերներ ձեռք բերի: Մենք շատ ժամանակ, իսկապես, չունենք:

Ի դեպ, ապրիլի վերջին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ուշագրավ մի միտք էր արտահայտել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան` նշելով. «Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում»: Իսկ այս շաբաթվա սկզբին Սուրեն Պապիկյանն ընդունեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ՝ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի եւ պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր», ասվում էր ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Հայաստանը պարտավոր է «թակել» բոլոր պետությունների դռները: Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունն ու Հայաստանի սպառազինման հրամայականը պետք է արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթությունները լինեն: Դրանք ամենեւին էլ չեն խոչընդոտում «խաղաղության օրակարգի» շուրջ բանակցություններին: Ու բոլոր այն պետությունները, որոնք Հայաստանի այդ քաղաքականությունը կընկալեն, կընդունեն` նրանք են Հայաստանի բարեկամները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ձեր խոսքի կառուցվածքը շատ գեղեցիկ է: Եվ ինֆորմացիոն և հղումների առումով հրաշալի եք գրում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031