Հայաստանում անընդհատ շեփորահարվում է ժողովրդավարության կարևորությունը, սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո տեղի է ունենում հակառակ գործընթացը, այն է՝ իշխանության գերկենտրոնացումը, ընդ որում՝ ոչ թե մեկ ինստիտուտի, այլ մեկ անձի ձեռքերում։ Ժամանակին Փաշինյանը բարձրագոչ ճառեր էր ասում, քննադատում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգ է ստեղծված, բայց ինքը հոժարությամբ հագավ այդ սուպերվարչապետական «կոստյումը»։ Ամրապնդեց իր իշխանական լծակները ու ոչ միայն չի ցանկանում հրաժարվել այդ «կոստյումից», այլև դրա վրա նորանոր ատրիբուտներ է ավելացնում։ «Կատարելագործում» է՝ մի խոսքով:
Ուզուրպացվեցին իշխանության երեք թևերը, բայց դեռ մնացել են հանրային մեծ դերակատարություն ունեցող կառույցներ, որոնք կարող են ընդդիմանալ իշխանությունների՝ պետության շահերին հակասող որոշումներին, որոնք կարող են վերաբերել, օրինակ՝ կատարված զիջումները պայմանագրային տեսքով ամրագրելուն և, ընդհանրապես, ապազգային, հակահայկական այլ գործողություններին։ Թերևս համախմբող ներուժ ունեցող գլխավոր ինստիտուտն այս պահին Հայ առաքելական եկեղեցին է, որը կարող է մոբիլիզացնել հանրային լայն զանգվածների։ Եկեղեցին միանշանակ ունակ է իր բողոքի ձայնը բարձրացնել, համախմբել հայությանն ու տալ ազգային պայքարի մեկնարկը։ Այսինքն, Նիկոլի իշխանությունը բացարձակ չի լինի, եթե Եկեղեցու «հարցերը չլուծի»։ Փաշինյանին պետք է ժողովրդավարության քողի տակ թաքնվող տոտալ բռնապետական համակարգ ստեղծել, որ կարողանա իր օրակարգը առաջ տանել։ Իսկ այդ օրակարգը հստակ է՝ ամեն գնով պահել իշխանությունը՝ նույնիսկ թշնամական երկրներին անընդհատ զիջելու միջոցով:
Ու հետաքրքիրն այն է, որ նա իր օրակարգն առաջ է տանում իբր «ազգային անվտանգության» սպառնալիքների անվան տակ։ Բայց երկրի անվտանգությունը մեծապես կապված է Հայաստանի արտաքին դիրքերի հետ, իսկ Փաշինյանը միայն երկրի ներսում է առյուծ խաղում, դրսում գլխիկոր վիճակում է ու հլու կերպով լսում է, թե իրեն ինչ են թելադրում։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում Ադրբեջանում, և կտեսնեք, որ մի կարճ ժամանակ անց դա իրականություն է դառնում մեզ մոտ։ Կար ժամանակ, որ Փաշինյանը սպառնում էր, թե այնպիսի հայտարարություն է անելու, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը խառնվի։ Չարեց, իսկ հիմա Ադրբեջանից են հայտարարում, թե ընդհանրապես ինչ պետք է անի Փաշինյանը, իսկ նա ոչ միայն չի համարձակվում որևէ ծպտուն հանել, այլ լուռումունջ կատարում է այդ պահանջները…
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։