Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ գործածման իրավիճակը մտահոգիչ է»․ կառավարությունը ռազմավարություն ընդունեց

Հունիս 05,2025 13:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Թմրամիջոցների եւ հոգեմետ՝ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։

Ըստ կառավարության՝ ներկայումս առկա չեն Հայաստանում թմրամիջոցների գործածման հետ կապված վիճակը գնահատող համապարփակ եւ արդիական ուսումնասիրություններ, ինչը թույլ կտա ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին եւ հիմնել պետական քաղաքականությունը նման հետազոտության արդյունքների, դրանով արձանագրված օրինաչափությունների վրա։ Այնուամենայնիվ, առկա վարչական տվյալները վկայում են, որ այս ոլորտում իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ մտահոգիչ եւ բնութագրվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի եւ ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների եւ իրավախախտումների աճող մակարդակով, դրանց արդյունքում գոյացած եկամուտների օրինականացման ռիսկերի բարձրացմամբ:

«Անհրաժեշտ է համակարգային մոտեցում ցուցաբերել նշված ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարին՝ մշակելով միասնական քաղաքականություն, որը կանդրադառնա ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, այլ նաեւ թմրամիջոցների գործածման կանխարգելմանը եւ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված խանգարումներ ունեցող անձանց բուժմանը, սոցիալական վերականգնմանն ու վերաինտեգրմանը։ Ըստ այդմ, ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձնառել է մինչեւ 2025 թվականը մշակել այս ոլորտում պետական քաղաքականությունն արտահայտող ազգային ռազմավարական փաստաթուղթ։ Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել եւ պաշտոնական շրջանառության մեջ է դրել սույն նախագիծը, որով առաջարկվում է հաստատել Թմրամիջոցների եւ հոգեմետ՝ հոգեներգործուն նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Նախագիծը ներառում է երեք ռազմավարական նպատակներ՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների, պատրաստուկների, համարժեք նյութերի եւ ածանցյալների ապօրինի շրջանառության դեմ պայքար, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց ապացուցահեն, էթիկական, գենդերազգայուն բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերականգնման եւ վերաինտեգրման, ինչպես նաեւ հանրային առողջության պահպանման ապահովում։

Յուրաքանչյուր նպատակի շրջանակներում նախատեսվել են տարաբնույթ միջոցառումներ՝ 13 ռազմավարական ուղղություններով։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ եթե 2018 թվականին գրանցվել էր այս խմբի հանցանքների 878 դեպք, 2021-2022 թվականներին թվերն էական աճ են ապրել՝ հաշվի առնելով բացահայտման աճը։ Արդեն 2023 թվականին գրանցվել է 5070 դեպք։ Նա նշեց, որ վերլուծել ու հասկացել են, որ կարիք կա փոխել քաղաքականությունը եւ շեշտն ավելի շատ դնել ներմուծման ու արտադրության շղթայի վրա, որպեսզի հետագայում թմրամիջոցների շրջանառության դեպքերն ավելի նվազ լինեն։ «Եվ արդեն ունենք կոնկրետ արձանագրում՝ 2024 թվականի արձանագրել ենք 3639 դեպք, որը նվազում է ենթադրում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մեր ջանքերը՝ կասեցնելու թմրամիջոցների ներմուծումը ՀՀ եւ ՀՀ-ում արտադրությունը, պետք է ավելի ինտենսիվ լինեն։ Այսինքն՝ հարվածի հիմնական ուղղությունները պետք է լինեն արտադրությունն ու ներմուծումը։ Երբ մենք աղբյուրին ենք հարվածում, շարունակելով տարածման դեմ պայքարը, պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30