«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ Երեւանի պետական համալսարանի կրթական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Կողմերի միջեւ ստորագրված հուշագրով ուսանողները մասնագիտական պրակտիկաներ կանցկացնեն ԶՊՄԿ արտադրությունում եւ լաբորատորիաներում, ԶՊՄԿ մասնագետները դասախոսությունների եւ հանդիպումների միջոցով կմասնակցեն ԵՊՀ կրթական ծրագրերին, ուսանողների գիտահետազոտական մշակումների մրցույթներ կանցկացվեն։
Հուշագրով նախատեսվում է նաեւ գիտապրակտիկ լաբորատորիա հիմնել ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի՝ շուրջ 355 քմ մակերեսով առանձնացված տարածքում, որի վերանորոգման եւ կահավորման աշխատանքները կիրականացնի ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը։
Կարդացեք նաև
Լաբորատորիան կիրականացնի օգտակար հանածոների հանքավայրերի կանխատեսման եւ հետախուզման աշխատանքներ, շրջակա միջավայրի մոնիտորինգ՝ հողի, ջրի, օդի որակի դիտարկումներ, ջրային ռեսուրսների կայուն կառավարման ռազմավարության մշակում։ Կմշակի նաեւ պոչամբարների վտանգի գնահատման եւ մոդելավորման նախագիծ։
«Մեր նպատակն է ուժեղացնել կրթությունը, կրթության միջոցով՝ տնտեսությունը։ Նպատակը կրթություն եւ արտադրություն կապի խորացումն է, որից շահելու են երկու հաստատություններն էլ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նախորդ տարի ԵՊՀ ուսանողներն արդեն պրակտիկա անցել են ԶՊՄԿ-ում։ Ռեկտորն ասաց, որ հետաքրքիր արդյունքներ են եղել, դա ոգեւորություն է առաջացրել ուսանողների մոտ, արդյունքը եղել է այն, որ երկրաբանություն մասնագիտության գծով եղել է դիմորդների աճ։ «Նախորդ տարի աննախադեպ քանակի դիմորդներ ենք ունեցել մագիստրոսական ծրագրով, ինչն ուղղակիորեն խոսում է այս համագործակցության արդյունավետության մասին։ Ես կարծում եմ, որ այս հուշագրի ստորագրումից հետո մենք դարձյալ ունենալու ենք թե դիմորդների, թե հետաքրքրվողների աճ»,- նշեց Հովհաննիսյանը։
ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն, հիմնադրամի ղեկավար Արմեն Ստեփանյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը որակյալ մասնագետների կարիք ունի, եւ ԵՊՀ-ում կամ այլ բուհերում ներդրում անելը հենց ոլորտի շահերից է բխում։ «Վստահ ենք, որ արդյունքները շուտով կերեւան։ Արդեն մեկ տարվա ընթացքում դիմորդների եւ ուսանողների էական աճ է գրանցվել, դա մեր այս համագործակցության արդյունքն է։ Հետագայում, հուսով ենք, պտուղներն ավելի տեսանելի կլինեն»,- նշեց Ստեփանյանը։
Արմեն Ստեփանյանը նաեւ ասաց, որ ոլորտի նկատմամբ բացասական ընկալումը չեզոքացնելու ուղղությամբ եւս աշխատանք է տարվում։ Դա կարեւոր է, որպեսզի մարդիկ չվախենալով գան եւ համալրեն ոլորտի մասնագետների շարքը։ «Հիմնական բացասական երեւույթը մեր ոլորտում, որի մասին կեսկատակ-կեսլուրջ խոսում ենք, դա տնից-տեղից հեռու գտնվելն է։ Մնացած առումներով ինքը մարտահրավերներով լի, շատ հետաքրքիր ոլորտ է։ Հերիք է մեկ անգամ մտնես այս ոլորտ, ինքը վարակիչ բնույթ ունի։ Եվ հույս ունենք, որ այս մոտեցմամբ կվարակենք մեր ուսանողներին, որոնք ապագայում կհամալրեն մեր շարքերը, կդառնան մեր գործընկերները, գուցե նաեւ՝ մեր ղեկավարները»,- նշեց Ստեփանյանը։
Այս հուշագիրը գործելու է 5 տարի ժամկետով։ Այս փաստաթուղթն արձանագրում է կողմերի գործընկերային պարտավորությունները, որոնց հեռահար նպատակները մի քանիսն են.
ԶՊՄԿ գործունեության համար կարեւոր բնապահպանական, երկրաբանական եւ ռեսուրսային խնդիրների ուսումնասիրմամբ նպաստել ընկերության կայուն զարգացմանը, նոր լուծումների մշակմանը եւ ռիսկերի նվազեցմանը։
Բարձրացնել հանրային իրազեկվածությունը հանքարդյունաբերության եւ կայուն զարգացման միջեւ կապի վերաբերյալ, ինչպես նաեւ տարածել գիտական արդյունքները։
Ապահովել հանքարդյունաբերության ոլորտում ֆինանսական արդյունավետության բարձրացում եւ գիտական արդյունքների տարածում։
Ուսանողներին ներգրավել արտադրական եւ արդյունաբերական իրական գործընթացների հետազոտման եւ վերլուծության մեջ՝ խթանելով կիրառական գիտելիքների յուրացումը եւ պրակտիկ փորձի ձեռքբերումը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ