Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսանյութում երևում է՝ եղբայրս մութ սենյակում է՝ ձեռքերը կապված, հարվածներ են հասցվում նրա ուղղությամբ․ այժմ միակ անհետ կորած անձն է, ում վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ»․ գերեվարված անձի եղբայր

Հունիս 05,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տեսանյութերում երևում է, թե ինչպես եղբայրս և ևս երեք անձինք գերեվարվում են։ Կապում են իրենց ձեռքերը և ինչ-ինչ գործողություններ իրականացնում։ Մեկ այլ տեսանյութում երևում է, որ եղբայրս մութ սենյակում է՝ ձեռքերը կապված, հարվածներ են իրականացվում նրա ուղղությամբ»,-Երևանում անցկացվող «Հանցագործությունը խաղաղության դեմ. ագրեսիայի հանցագործության դեմ պայքարը փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ իր եղբոր պատմությունը պատմեց գերեվարված մեր հայրենակիցներից մեկի եղբայրը։

Նա ասաց՝ իմ պատմությունը սկսվում է 2021-ի հոկտեմբերից ու նշեց․ «Այդ օրը, ինչպես հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, այնպես էլ իմ եղբայրը, կամավոր մասնակցում էր մեր հայրենիքի՝ ՀՀ-ի և Արցախի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 21-ին եղբայրս իր ընկերների հետ Կապանից գնաց Զանգելան։ Երեք ավտոբուսներով, 62 անձնակազմով ուղևորվեցին դեպի մի վայր, որտեղ նախօրոք արդեն ադրբեջանական տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացվել էր, որ այդ տարածքը գրավված է։ Զանգելանում խումբն ընկավ շրջափակման մեջ։ Մի մասը վիրավորվեցին, մյուսները զոհվեցին և վիրավորվեցին։ Գերեվարման փաստն արձանագրվում է ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Տելեգրամ ալիքներով երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները վայրագություններ իրականացնում մեր զոհված տղաների մարմինների նկատմամբ։ Մարմինները քարշ էին տալիս, ոտքերով, զենքով հարվածում էին, կրակում զոհված տղաների մարմինների վրա, մասնատում էին նրանց մարմինները։ Այդ ամենը տեղի էր ունենում 21-րդ դարում՝ մարդու ձեռքով»։

Գերեվարված անձի հարազատն ասաց՝ 2020-ի դեկտեմբերին է վերջնական լուրը հաստատվել, որ եղբայրը գերեվարվել է․ «Գերեվարումից վերադարձած անձանցից մեկն առաջին իսկ վայրկյանից եղել է եղբորս կողքին, միասին տեղափոխվել են Բաքու։ Իր պատմելով գերեվարման ընթացքում իրենց հետ վարվել են ոչ մարդկային ձևով՝ հարվածներ և ապտակներ, նսեմացման խոսքեր և այլն։ Այդ բոլորն իրականացրել են գերեվարվածների ձեռքերը կապած, կիսամերկ վիճակում։ Այդ բոլորը պատկերված են տեսանյութերում։ Հաջորդ փաստը, որը հաստատեց եղբորս գերեվարման հիմքերը, այն տեսանյութն էր, որ հրապարակեցին ադրբեջանական կողմի տելեգրամյան և յութուբյան ալիքները՝ 2021-ի գարնանը։ 2021-ին գերեվարումից վերադարձած անձինք ևս հաստատեցին այդ փաստը, քանի որ առաջին վայրկյանից եղբորս կողքին են եղել։ Բաքվում չորսով եղել են տարբեր վայրերում, ուժային կառույցներում։ Եղբայրս, քանի որ վարժ տիրապետում է ռուսերենին, հայերենից ռուսերեն թարգմանել է նրանց խոսակցությունը։ Այս բոլոր ապացույցների ներքո եղբայրս մինչ օրս համարվում է անհետ կորած։

Անհետ կորած համարվում է այն քաղաքացիական անձը, ում վերաբերյալ տեղեկություն չկա։ Եղբայրս այժմ միակ անհետ կորած անձն է, ում վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ՝ ներառյալ Բաքվից վերադարձած գերիներ, որոնք փաստում են, որ միասին եղել են տարբեր տեղերում բանտում։ Բաքուն չի պատասխանում ոչ հայկական կողմի, ոչ միջազգային կառույցների հարցերին։ Մարդը մարդու նկատմամբ վերաբերվում է՝ որպես խաղալիքի, որպես խրախճանքի, ուրախանալու հպարտանալու միջոց՝ այն էլ 21-րդ դարում։ Մարդուն շահագործում են հստակ արդյունքի հասնելու համար, որպես վաճառքի, ինչ որ արդյունքի ակնկալման միջոց։ Այս ելույթով կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել ոչ միայն իմ պատմության վրա, այլև բազմաթիվ այլ պատմությունների, որոնք քիչ թե շատ նման են իմ պատմածին։ Հույս ունեմ՝ յուրաքանչյուրդ այստեղից հեռանալով՝ ինչ-որ տեղ կբարձրաձայնեք այս պատմությունների մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30