-Սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների կողմից ու նրանց ղեկավարների միջեւ խոսակցությունն այսօր էլ շարունակվում է, գործընթացը շարունակվում է: Որոշ մեթոդական քննարկումներ են այս պահին արվում: Դուք հարցնում եք՝ ե՞րբ է մեր այս կամ այն կտորը Ադրբեջանը վերադարձնելու, ուզում եմ Ձեզ ասել՝ այն հիմքը, որ վերցրել ենք Ալմա-Աթայի հռչակագիրը եւ ԽՄ փլուզման պահին եղած սահմանները, այդ սկզբունքը բոլոր հարցերին պատասխանում է:
Ենթադրվում է, որ մարդիկ գծելով գնալու են Ալմա-Աթայով ենթադրվող սահմաններում, այն կետը որ կլիներ ադրբեջանական, բայց կգտնվի մեր վերահսկողության ներքո, կվերադարձվի Ադրբեջանին, այն հատվածը, որը Հայաստանի սուվերեն տարածք է, բայց գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է վերադարձվի Հայաստանին: Սա է այդ հանձնաժողովների աշխատանքի իմաստը,- այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին, պարոն Միրզոյանն ասաց. «Ադրբեջանցիների հետ փակ հանդիպումներում, երկկողմ շփումներում մենք ասել ենք, որ ՀՀ-ն շահագրգիռ է տարանցիկ ուղիների, ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ: Խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՀ տարածքով Ադրբեջան-Թուրքիայի միջեւ կապ հաստատելու մասին, այլեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանակից որեւէ այլ երրորդ երկրի հետ երկաթուղային կապ հաստատելու մասին: Մենք նույնիսկ մեկը մյուսի հետեւից նոր կառուցողական առաջարկներ ենք ներկայացրել Ադրբեջանին: Սկզբունքների հիմնական մասը արտահայտված է խաղաղության խաչմերուկում: Բացում ենք ամեն ինչ, սկսում ենք ամենահարավային երկաթուղուց՝ ըմբռնումով, որ երկու կողմերի ենթակառուցվածքներն են նաեւ ապաշրջափակվում ու բոլոր ենթակառուցվածքները մնում են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ