ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Իրադարձություններ, որոնք նախորդեցին Փաշինյանի գրառմանը:
Մայիսի 22-ին Բաքվում ավագանու նիստ է հրավիրում Կովկասի մուսուլմանների գրասենյակը, որի ընթացքում այդ կազմակերպության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարում է, որ «Հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է ներկայացնում Հայաստանին հարևան բոլոր տարածաշրջանային երկրների համար․․․»։
Մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռնի քաղաքում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին կազմակերպում են «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Մայիսի 27-ին համաժողովը բացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։
Կարդացեք նաև
Նորին Սրբությունը նշում է, որ այսօր էլ աշխարհում ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների։ Այս արհավիրքները հայ ժողովուրդը վերապրել է 2020 և 2023 թվականներին՝ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։
Արցախը հայաթափված է, Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ բռնազավթված են, իսկ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Այս ամենի կողքին Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ նրանց նկատմամբ իրականացնելով ցուցադրական, շինծու դատավարություն, որը խախտում է միջազգային իրավական նորմերը։
Մայիսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է.
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են»։
Առանձին հոգևորականներ պատասխանում են և դատապարտում վարչապետի կողմից Եկեղեցու հասցեին հնչեցրած այդ անհարգալից արտահայտությանը։
Իսկ արդեն մայիսի 30-ին Փաշինյանը հրապարակում է տխրահռչակ գրառումը…
Հ.Գ.
Փորձեք կցված տեսանյութի մեկնաբանություններում ինձ համոզել, որ այս իրադարձությունների մեջ պատճառահետևանքային կապ չկա։