Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ եթե մենք գրեինք կառավարության առանձնատանը ապրող ենթադրյալ Կիկոսի մասին

Հունիս 06,2025 12:30

ԱՄՆ Գերագույն դատարանը գտել է, որ Սահմանադրությունը երաշխավորում է գաղտնիության իրավունքը կառավարության միջամտությունից

Չգիտես ինչու, անձնական կյանքի միջամտության համար պատասխանատվությունը մինչ օրս ընկնում է զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների վրա, իսկ մեզանում զրպարտող, միջամտող, վիրավորական, մեղադրական տեղեկություններ տարածողները՝ իշխող կուսակցության անդամները, նրանց համակիրները, չեն ենթարկվում պատասխանատվության, շարունակում են սոցիալական ցանցերով, յութուբյան ալիքներով շրջանառել նեղ անձնական տեղեկություններ:

Այս անգամ լսարանը քննարկում է անձնական գաղտնիք համարվող մի հարց. Ամենայն հայոց կաթողիկոսի զավակ ունենալու հարցը: Պատգամավորը, որն օժտված է անձեռնմխելիությամբ, փակ, նեղ անձնական ինֆորմացիայի տարածողն է, շրջանառողը: Եթե նույնը տարածեր լրագրողը, ասենք՝ տվյալ անձի կառավարական ամառանոցում սիրուհու երեխային պահելու, ենթադրյալ Կիկոս ունենալու մասին, վստահ եմ, որ դատական հայցերը, անգամ քրեական հետապնդումը չէր ուշանա…

Նշեմ, որ «Անձնական կյանքի տվյալներ» են մարդու անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները: Անձնական կյանքի տվյալներն այնպիսի տեղեկություններ են, որոնք կապված են մարդու կյանքի ընթացքի, կյանքի հանգամանքների եւ պայմանների, ընտանիքի, ամուսնության կամ ամուսնալուծության հանգամանքների, կենցաղի եւ, առհասարակ, մարդու անհատականության հետ։ Անձնական կյանքի տվյալները մարդու մասին այնպիսի տեղեկություններ են, որոնց մարդը սովորաբար չի ցանկանում հաղորդակից դարձնել ուրիշներին։ Դա մարդու կյանքի այն մասն է, որը, ի տարբերություն մարդու հանրային կյանքի, անձեռնմխելի է շրջապատի համար։ Այդ է պատճառը, որ անձնական կյանքի տվյալները հավակնում են լինել անձնական կյանքի գաղտնիք:

Ավելի քան 150 ազգային սահմանադրություններում հիշատակվում է գաղտնիության իրավունքի մասին: Այդ թվում եւ մեր՝ Հայաստանի Հանրապետության:

1948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով երաշխավորվում էր յուրաքանչյուր մարդու անհատական իրավունքները, 12-րդ հոդվածում ասվում էր. «Ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական միջամտության նրա անձնական կյանքին, ընտանիքին, բնակավայրին կամ նամակագրությանը, ինչպես նաեւ ոտնձգություններ կիրառի։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանելու օրենքը նման միջամտությունից կամ հարձակումներից»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 8-րդ հոդվածը մեկնաբանվել է «անձնական ինքնություն»-ը «անձնական կյանք» իմաստով: 8-րդ հոդվածը նախատեսում է հարգանք անձի անձնական տարածքի նկատմամբ:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»: Ի դեպ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը եւ փոխկապակցված այլ օրենքները, ինչպես նաեւ ենթաօրենսդրական այն նորմատիվ իրավական ակտերը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի իրացմանը:

Գերմանիայի սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածներով պաշտպանվում է անձնական կյանքին չմիջամտելու իրավունքը: Պաշտպանված է հեռախոսային զրույցների գաղտնիությունը, քրեականացված է այն, նամակագրության գաղտնիությունը, անգամ համակարգչային տեղեկություններն ու դրանցում առկա տվյալները:

Իսպանիան անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անձի արժանապատվության պաշտպանությունը նույնպես պաշտպանում է Սահմանադրությամբ: Քրեական օրենսգրքով պաշտպանված են անձնական փաստաթղթերի գաղտնիությունը, «վստահության հանգամանքներում այլ անձին հաղորդված տեղեկությունների խորհրդապահությունը», հեռախոսային խոսակցությունները: Հատուկ օրենքով պաշտպանվում է «բարի անվան իրավունքը»:

Ավստրիայի «Զանգվածային լրատվամիջոցների մասին» 1981 թվականի օրենքը անձնական կյանքին միջամտության համար հայց ներկայացնելու հատուկ հիմքեր է սահմանել: 7-րդ հոդվածի համաձայն՝ խմբագրությունը պարտավոր էր փոխհատուցել, եթե մարդու անձնական կյանքին վերաբերվող փաստերը շարադրված են այնպես, որ նրան նսեմացնեն հասարակության աչքում:

«Հեղինակային իրավունքների մասին» օրենքը (78 հոդված) արգելում էր լուսանկարներ անել, հրապարակել, քանի որ դրանք խախտում էին անձանց օրինական շահերը:

Կանադայի Քվեբեկ նահանգը միակն է, որը երաշխավորում է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Ավստրալիան, օրինակ, չունի գաղտնիության սահմանադրական իրավունք։ 1988 թ. «Գաղտնիության մասին» օրենքը ապահովում է անհատի անձնական տեղեկատվության պաշտպանության որոշակի աստիճան եւ դրա օգտագործումը կառավարության եւ խոշոր ընկերությունների կողմից: Գաղտնիության մասին օրենքը նաեւ սահմանում էր Ավստրալիայի գաղտնիության 13 սկզբունքները: Ավստրալիայում բացակայում է նաեւ անձնական կյանքի ներխուժումն արգելող դելիկտը…

2006 թ. հոկտեմբերին Իսրայելում ստեղծվել է կարգավորող մարմին, որը արդարադատության նախարարության մաս է կազմում։ Այդ մարմինը սահմանել է «Գաղտնիության մասին» օրենքը եւ դրա հետ կապված կանոնակարգերը՝ հիմնվելով երկու սկզբունքների վրա՝ համացանցում գաղտնիության ընդհանուր իրավունք եւ տվյալների բազաներում պահվող անձնական տվյալների պաշտպանություն:

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, մասնավորապես 23-րդ եւ 24-րդ հոդվածները, յուրաքանչյուր քաղաքացու իրավունք է վերապահում անձնական կյանքի անձեռնմխելիության։ Ստրասբուրգի կոնվենցիայի անդամ Ռուսաստանը վավերացրել է անձնական տվյալների մշակումը ավտոմատ մշակումից պաշտպանվելու նպատակով, այնուհետեւ, ընդունել է նոր կոնվենցիա։ Ռուսաստանի թիվ 152 դաշնային օրենքը, որն ուժի մեջ է մտել 2006 թ. հուլիսի 27-ին, թարմացվել է անձնական տվյալները լուսաբանելու համար. այս օրենքն ընդլայնում է գաղտնիության շրջանակը, ներառյալ անձնական եւ ընտանեկան գաղտնիքները։ Դրա հիմնական նպատակը ֆիզիկական անձանց անձնական տվյալների պաշտպանությունն է…

Եվ վերջում, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից «Հրապարակը» օրեր առաջ հետաքրքրվել էր` «Ի՞նչ նախադեպ է, երբ Ազգային անվտանգության ծառայությունը, իր բանուգործը թողած, հոգեւորականների սեռական կյանքին ուղղված «դոսյեներ» է հավաքում, ո՞ր դեպքում օրենքը կարող է ԱԱԾ-ին նման իրավունք տալ»: Նա պատասխանել էր. «Եթե կոնկրետ ապացույցներ, փաստեր ունեն, ապա պետք է ներկայացնել եկեղեցու հոգեւոր խորհրդին, եւ թող առաջացնեն համապատասխան հետեւանքներ, ընդհուպ` կարգալույծ անեն հոգեւորականին, բայց եթե չունեն ապացույց եւ ընդամենը հերյուրանքներ են տարածում, սրանով փորձ է արվում վարկաբեկել ողջ Հայ առաքելական եկեղեցին: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ ինֆորմացիա ստանալու միակ աղբյուրն ԱԱԾ-ն է, գուցե ոստիկանությո՞ւնն է, օրինակ, այդ տեղեկությունները հավաքել, ո՞վ գիտի: Ինչո՞ւ եք կարծում, որ հենց ԱԱԾ-ն է դրա ետեւում կանգնած»:

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 30.05.2025 կատարել էր այսպիսի գրառում. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»:

Փորձեմ առարկել, թե ինչու ԱԱԾ-ն կարող էր կանգնած լինել նման տեղեկությունների տարածմանը:

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն, «Բոլոր օպերատորները եւ ծառայություն մատուցողները պարտավոր են ապահովել իրավապահ եւ ազգային անվտանգության աշխատակիցների մուտքը հաղորդակցության սարքավորումներին, ենթակառուցվածքներին, միացնող-անջատող, ուղղորդող եւ նմանատիպ այլ սարքերին, ներառյալ` գաղտնալսումների իրականացման համար անհրաժեշտ սարքերին»: Ասել կուզի՝ ցանկացած տեղեկատվական արտահոսք կարող է լինել միայն այս ձեւով…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30