Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավելի գումար հափշտակվեց, ինչո՞ւ հրաժարական չներկայացրեցիք»․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին

Հունիս 06,2025 15:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին․ «Մենք իմացանք, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է ամենամյա վերապատրաստումներից։ Անկեղծ ասած, ես շատ չզարմացա, ենթադրում եմ՝ հիմա մեր քննիչները Նեթֆլիքսի սերիալներով են վերապատրաստվում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, երբ ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավելի գումար հափշտակվեց։ Եվ հափշտակողն ով էր, կազմակերպիչն ով էր՝ ՔԿ հանցավորության դեմ պայքարի վարչություններից մեկի պետը։ Սրան ոչ միայն չհետեւեց քաղաքական պատասխանատվություն, դուք ոչ միայն հրաժարական չտվեցիք այս աղմկահարույց դեպքից հետո, դուք դրա հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ձեր գործընկերների՝ ԱԱԾ, ՆԳՆ, Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների աշխատանքը, բացահայտման դափնիները սեփականաշնորհեցիք»։

Ագնեսա Խամոյանն ասաց, փաստորեն Նիկոլ Փաշինյանի ասած հատիկ-հատիկ վերադարձված իրեղեն ապացույցը գալիս հասնում է ՔԿ «սեյֆ», հետո «էդ սեյֆից հատիկ-հատիկ կորում է»։ «Դրա տրամաբանության շրջանակներում ես ձեզ հարցում եմ ուղարկել, կարեւոր եմ համարում գալ, տեսնել, թե մեկ այլ շատ ավելի կարեւոր իրեղեն ապացույց, խոսքը 1 տոննա կոկաինի մասին է, արդոք տեղո՞ւմ է, թե՞ մեկ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այդ թմրանյութը։ Եվ դուք հրաժարվել եք կազմակերպել դա։ Ես մեկ այլ առաջարկություն եմ անում ձեզ՝ առաջարկեք որեւէ այլընտրանքային մեխանիզմ՝ այդ կասկածները սպառելու համար։ Այդ դեպքից անցել է երկու տարի, ինչո՞ւ գործը չի ուղարկvում դատարան, ինչի՞ եք սպասում։ Դուք սպասում եք, որ նոյեմբերին ժամկետը լրանա, եւ այդ գործը կարճվի»,- նշեց Խամոյանը։

Արթուր Պողոսյանն ի պատասխան ասաց․ «Մատնանշեցիք՝ իմ քթի տակից, չգիտեմ՝ քթի տակից ասելով՝ ի՞նչ եք հասկանում, բայց կրկնեմ։ Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում։ Հաջորդը՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումում տեղի ունեցած հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, այսինքն՝ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել։ Եթե համարում եք, որ սա սխալ տեղեկատվություն է․․․

Հաջորդը՝ հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը՝ վարչության պետի պաշտոնակատարի առնչությունը դեպքին բացահայտվել է ՔԿ՝ գործով քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա։ Սա բացահայտում է հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը։

Ես դափնիներ չեմ ուզում, հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել, ՔԿ՝ գործով քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցանք կատարած անձանցից մեկը՝ պաշտոնատար անձը։ Եվ կծիկը դրանից հետո բացահայտվել է։

Սա ամենեւին չի նշանակում, որ ես՝ որպես պաշտոնատար անձ իրավասու եմ թե բարոյապես, թե այլ ձեւաչափով նսեմացնել մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը։ Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները՝ հանցանք կատարած մյուս անձի ինքնությունը բացահայտելու եւ իրեղեն ապացույցներով այդ անձին բերման ենթարկելու ուղղությամբ։ Այսինքն՝ դեպքի հետ կապված իմ ու քո չկա, համատեղ արդյունքն է կարեւոր, դուք արհեստականորեն փորձում եք խնդիր գտնել մի վայրում, որտեղ այդ խնդրը չկա»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքից հետո հրաժարական չներկայացրեց, Արթուր Պողոսյանն ասաց․ «Ես գաղտնիք բացեմ՝ ՔԿ նախագահը պաշտոնավարումից հետո այլ դեպքեր էլ է բացահայտել, որոնց մասին դուք տեղյակ չեք։ Ես ինքս հաղորդում եմ ներկայացրել տարբեր դեպքերով, առաջիկայում Հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին կհայտնի։ Ես իմ լիազորությունները պատշաճ իրականացրել եմ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30