Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեքի գործը» ԲԴԽ-ում

Հունիս 07,2025 12:30

Հունիսի 10-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի երեք դատավորների՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին եւ Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հաղորդումը, ով այն ուղարկել էր ՀՀ արդարադատության նախարարին: Արդարադատության նախարարի փետրվարի 28-ի թիվ 15-Ա որոշմամբ, դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Հետեւել է նախարարի մեկ այլ որոշումը. 35-Ա որոշմամբ որոշվել է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նշեմ, որ միայն մայիսին ԲԴԽ-ն կայացրել է չորս աշխատակարգային որոշում՝ մայիսի 5-ին՝ 1, 19-ին՝ 3, այլ դատավորների կարգապահական վարույթի կապակցությամբ: Մայիսի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությունը լսելով՝ Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին պատասխանատվության ենթարկելու մասին, որոշել էր մայիսի 19-ին նիստը հրավիրել, մայիսի 19-ին էլ վարչական դատարանի վերոնշյալ դատավորների գործի քննությունը հետաձգել էր, նշանակել հունիսի 2-ին: Նույն մայիսի 19-ի որոշմամբ Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավորներ Գագիկ Պողոսյանի եւ Մասիս Մելքոնյանի գործերը կլսվեն դարձյալ հունիսի 9-ին: Թե Գ. Պողոսյանի, թե Մ. Մելքոնյանի միջնորդությունը ներկայացրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30