Լրահոս
Օրվա լրահոսը

Այս «ծրագրված» հարցաքննություններն իրականում ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ․ «168 ժամ»

Հունիս 07,2025 10:10

Արցախը հայաթափված է, Պաշտպանության բանակը՝ կազմաքանդված, սակայն Ադրբեջանը շարունակում է պայքարել ՊԲ ունեցած հաջողությունների դեմ, դարձնել դրանք դատական քննության առարկա, այդ թվում՝ զորահանդեսները:

Մասնավորապես, հունիսի 5-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ տեսանյութ է ներկայացվել 2012 թվականի մայիսին օկուպացված Ստեփանակերտում կայացած զորահանդեսից, և այս թեմայով հարցեր են ուղղվել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ով ի պատասխան հայտնել է՝ այդ ժամանակ ՊԲ շտաբի պետն էր, և պատասխանատու է եղել այդ զորահանդեսի նախապատրաստման համար:

Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Լևոն Մնացականյանը հավելել է, որ 2-3 զորահանդեսի էլ Հայաստանի Հանրապետությունում է մասնակցել, իսկ օկուպացված Արցախում կազմակերպված զորահանդեսին ներկայացված են եղել հրետանային բոլոր միջոցները և ոչ միայն:

«Դ-30, Դ-20 հաուբիցներ, ինչպես նաև՝ հակատանկային միջոցներ, Բ-21 «Գրադ», հրթիռային համակարգեր, եթե չեմ սխալվում՝ «Սմերչ», «Տոչկա-Ու»: Այդ զորահանդեսին ներկայացված են եղել այնպիսի զորատեսակներ, որոնք ՊԲ-ն իր զինանոցում չի ունեցել, դրանք զորահանդեսի համար Հայաստանից են տեղափոխվել, եթե չեմ սխալվում՝ «ԲՄ-80», «Տոչկա-Ու», «Սմերչ»»,- այս մասին, ադրբեջանական քարոզչամեքենայի պնդմամբ, իբր ասել է Լևոն Մնացականյանը:

Այստեղ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի ռազմական օգնությունից օգտված Ադրբեջանի նենգության վրա. «դատական» այլ նիստերի ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը՝ Լևոն Մնացականյանին, Բակո Սահակյանին հարցեր են ուղղվել՝ արդյո՞ք Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ», «Տոչկա-Ու» եղել է, որոնք կարող էին կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ, և պատասխանը հնչել է՝ ոչ:

Եվ հիմա Ադրբեջանը փորձում է ապացուցած լինել՝ կամ այդ զինատեսակները բերվել են Արցախ, ինչպես զորահանդեսների ժամանակ, կամ՝ ՀՀ տարածքից են կիրառվել 2020 թվականի պատերազմի ժամանակ:

Այսինքն, այս «ծրագրված» հարցաքննություններն իրականում ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ՝ անկախ նրանից, թե ով է եղել ղեկավարն այս կամ այն ժամանակահատվածում, հատկապես, երբ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվում իբր հայտարարել է նաև, որ ՊԲ-ն ՀՀ զինված ուժերի մաս է հանդիսացել, ուստի ՀՀ ՊՆ միջնորդությամբ, ՊԲ հրամանատարի նշանակումը սկզբում հաստատվել է ՀՀ նախագահի կողմից, այնուհետև՝ վարչապետի, ասել է թե՝ նաև Նիկոլ Փաշինյանի:

Ավելի ուշ հունիսի 5-ին կայացած «դատավարությանը» դարձյալ չի շրջանցվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Լևոն Մնացականյանն այս համատեքստում հայտարարել է, թե ՊԲ-ն ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դերում է եղել:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30