Լրահոս
Օրվա լրահոսը

Ինդոնեզիայում ներկայացվել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը

Հունիս 07,2025 10:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանության և «Հովնանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Ինդոնեզիայի նորաձևության շաբաթվա շրջանակում (Indonesia Fashion Week /IFW/) «Տերյան մշակութային կենտրոնը» ներկայացրել է «Մշակութային վերածնունդ» խորագրով հայկական նորաձևության նախագիծը։

Հայաստանը մասնակցել է միջոցառմանը որպես հատուկ հյուր, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռել ներկայացնելու հայկական մշակութային և նորաձևության ինքնատիպությունը միջազգային հարթակում։

IFW 2025-ին մասնակցել են շուրջ 200 դիզայներներ և ոլորտի մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, Ֆիլիպիններից, Մալայզիայից, Ղազախստանից, Կոլումբիայից, Պերուից և այլ երկրներից։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել են նորաձևության ցուցադրություններ, ցուցահանդեսներ, քննարկումներ և ստեղծագործական ֆորումներ։

 

 

Հայկական պատվիրակության կազմում հանդես են եկել «Տերյան մշակութային կենտրոնի» ղեկավար, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, երիտասարդ դիզայներներ Հայկուհի Կարապետյանը և Անգելինա Քարամյանը:

Նրանք ցուցադրել են հայկական ազգային տարազով և ժամանակակից դիզայնով ստեղծված բացառիկ հավաքածուներ՝ արժևորելով մշակութային ժառանգության ու նորարար մոտեցումների համադրությունը։

Շաբաթվա ընթացքում գործել է նաև հայկական տաղավար, որտեղ ներկայացվել են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները՝ արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ, մոդելային նմուշներ և գեղարվեստական լուծումներ։

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև ուսուցողական սեմինարով և վարպետության դասով Ջակարտայի Բատիկայի թանգարանում՝ ներկայացնելով հայկական հագուստի ձևավորման ավանդույթներն ու տեխնիկան։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30