Ծաղկաձորի գրողների հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` վերջին տարիներին ի՞նչ վնասներ են հասցվել Ծաղկաձորին, եւ ովքե՞ր են անտառներ ավերելով բարձրահարկ շենք-շինություններ կառուցում՝ ոչնչացնելով սաղարթախիտ անտառներն ու կանաչապատ տարածքները:
Մանուկյանը նկատեց. «Պետությունը տարածքներ էր դուրս գրել անտառային ֆոնդից, հետո սխալ սեփականաշնորհումների ու խարդախությունների արդյունքում գործը հասավ Քննչական կոմիտե, խոսքը 60 հեկտար տարածքի մասին է, եւ հիմա արդեն բարձրահարկեր են կառուցում, իշխանության թողտվությամբ է այդ ամենը կյանքի կոչվում: Ծրագրեր կան, որ կարողացել ենք կասեցնել` հասարակական լսումների արդյունքում, սակայն կան նաեւ մի քանիսը, որ չենք կարողացել կասեցնել: Եթե գոնե շինարարությունն անտառից դուրս են անում, մի տեղ էլի հասկանում ես, ասում ես` ոչինչ, բայց կան նաեւ մեծ ծրագրեր անտառներում: Եթե որոշում ես անտառներում 12 հարկանի շենք կառուցել ու քոթեջներ, ի՞նչ է դա ենթադրում, որ պետք է անտառները կտրես, ոչնչացնես: 2006 թվականին որոշում ընդունվեց, որի համաձայն՝ Ծաղկաձորում չի թույլատրվում կառուցել չորս հարկանի շենքից բարձր շենք, բայց հետո եկավ Սերժ Սարգսյանը, մի քանի խախտումներ եղան, ինչից հետո արդեն սկսվեցին բացահայտ խախտումները»:
Ովքե՞ր են կանգնած Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում, ի՞նչ անուններ են շրջանառվում։ «Տարբեր անուններ են շրջանառվում, այժմ մեծ ծրագիր է իրականացնում Խաչատուր Սուքիասյանը, մյուս ծրագիրը կապում են Ալեն Սիմոնյանի հետ, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանի փեսայի հետ, իշխանական անուններ են»,- ասաց Մանուկյանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում