«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։
Նա ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ հանդես կգա, իսկ բուն իմպիչմենտի մասին նախորդ հայտարարությունն ուժի մեջ է։
«Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն առաջադրվել է, քննարկում կլինի, հայտարարությամբ հանդես կգանք, ֆրակցիան պետք է քննարկի, որոշումը ֆրակցիան է կայացնելու։ Մենք ասում ենք՝ որպեսզի պրոցեսը գնա, պետք է սկսի եւ որոշակի տեւողություն ունենա։ Ավելի վերջնական կարծիք կլինի, երբ կլինի ֆրակցիայի որոշումը։ Իմպիչմենտի վերաբերյալ մեր հայտարարության տեքստը թեկնածուի վերաբերյալ որեւէ չափորոշիչ չի պահանջել, այսինքն՝ ունիվերսալ է»,- ասաց նա։
Արթուր Խաչատրյանն ասաց՝ եթե գործընթացը գնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյանը։ «Իմպիչմենտն ունի խիստ որոշակի նախապայմաններ, այսինքն՝ 54 պատգամավոր պետք է քվեարկի, 6 հոգի «Պատիվ ունեմ»-ը, 2 հոգի «Հայաստան» դաշինքը, կազմում է 34, 20 պատգամավոր պակասում է։ Այսինքն՝ 16-20 ՔՊ-ական պետք է թեկնածուի օգտին քվեարկի։ Ես էսօր դա ռեալ չեմ համարում։ Մենք միշտ ասում ենք, որ իշխանափոխությունն առանց փողոցային ճնշման հնարավոր չէ։ Իսկ փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք։ Հիմա կան մարդիկ, ասում են՝ մենք առաջնորդություն ենք ստանձնելու։ Շատ լավ, ընդունեցինք, թող պրոցեսը սկսեն, մենք վերաբերմունքը կարտահայտենք»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ