«Քաղաքական հետապնդման եմ ենթարկվում 2018-ի ամառվա ամիսներից սկսած։ Ժամանակն անողոք է ոչ միայն մարդկանց նկատմամբ, այլև երկրների։ Ինչ զրկված եմ անազատությունից, փոխվել է, ցավոք, իմ պետությունը, իմ երկիրը և ժողովուրդը դեպի վատը»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում, երբ քննարկվում էր նրա կալանքի հարցը, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա փաստեց՝ հարցաքննված վկաներից որևէ մեկն իր խոսքում Արմեն Աշոտյանի՝ գործին խոչընդոտելու մասին ակնարկներ չի արել․ «Երկրորդ հանգամանքն այն է, որ այս ինը ամիսների ընթացքում Պրոբացիայի ծառայությունը 25 անգամ այցելել է ինձ՝ տնային կալանքի վայր և որևէ խախտում չի արձանագրել։ Մոտ մեկ տարի է, ինչ դուք բավարարեցիք իմ փաստաբանների միջնորդությունը իմ անձի հետ կապված օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացման հետ կապված ողջ փաստաթղթային ծավալը ձեռք բերելու հետ կապված․ խոսքը արտաքին և ներքին լսումների մասին էր, թվային խուզարկության մասին։ Բայց այդ փաստաթղթերը մեզ այդպես էլ հասանելի չդարձան, որոնք պիտանի կլինեին՝ որպես ևս մեկ ապացուցողական բազա այս մեղադրանքի դեմ»։
Արմեն Աշոտյանը նշեց՝ նիստերի ընթացքում հաճախ է հիշել հույն փիլիսոփա Սոկրատին ու ասաց․ «Սոկրատի աշակերտներից մեկը գալիս, ասում է՝ ուսուցիչ ամուսնանա՞մ, թե՝ ոչ, նա պատասխանում է՝ ամուսնանաս, կլինես երջանիկ, հետևաբար բացառություն, իսկ եթե երջանիկ չլինես, կլինես փիլիսոփա։ Հիմա պրոյեկտելով իմ հետ կապված որոշման վրա՝ բաց կթողնեք, կլինեմ բացառություն, բաց չեք թողնի, կշարունակեմ փիլիսոփայել։ Ազատությունս վերականգնելու պարագայում այն ամբողջովին կնվիրեմ այն գաղափարներին, որոնց հավատում եմ ես և իմ թիմակիցներն ու աջակիցները։ Եթե ազատությունս չվերականգնվեց, ապա կալանքի ռեժիմից օրենքով չարգելված միջոցներով կշարունակեմ ինձ հասանելի հնարավորություններով պայքարել այն ամենի համար, ինչի մասին մտածում եմ և հավատում անվերապահ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ