«Այս փուլում դեռևս չեն վերացել տվյալ խափանման միջոցն ընտրելու հիմքերը, և խափանման միջոց փոխելու անհրաժեշտություն չկա։ Առաջարկում եմ ևս երեք ամսով երկարաձգել տնային կալանքը»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազը։
Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց․ «Վեց օրից կլրանա իմ պաշտպանյալի քաղաքական հետապնդման 2 տարին։ Բազմաթիվ անգամ այս հարցը քննարկելիս ասել եմ՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, ունի կոնկրետ նպատակներ, քրեաիրավական բովանդակություն այս գործը չի ունեցել։ Հիմա էլ կրկնում եմ՝ երբ անձը քաղաքական բանտարկյալ է, նրա ազատության հարցը լուծվում է այլ կերպ, ոչ թե իրավական ընթացակարգերով»։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հղում կատարելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը՝ նշեց․ «Այդ որոշման մեջ նշված է՝ ուսումնասիրությունը բացահայտել է մի շարք կարևոր դրույթներ, որոնք պետք է հիմք ծառայեն խափանման միջոցի հարցը քննարկելիս։ Առաջինը խոչընդոտման վտանգի նվազումն է։ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ հատուկ ընդունում է, որ ժամանակի ընթացքում նվազում է մեղադրանքի կողմից վարույթին խոչընդոտելու վտանգը։ Երկրորդը՝ ապացուցողական շեմի բարձրացման անհրաժեշտությունն է։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է՝ վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր անգամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելիս դատարանը պետք է աստիճանաբար բարձրացնի մեղադրյալին տնային կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորելու շեմը։ Օրինակ՝ պետք է հիմնավոր պատասխանի, թե կոնկրետ որ վկաների կամ մեղադրյալի՝ հարցաքննված չլինելու պատճառով է տնային կալանքի տակ պահում, թե նրանք ինչ դերակատարություն ունեն մեղադրանքի համար»։
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ դատախազությունը չկարողացավ ներկայացնել կոնկրետ փաստեր ու հանգամանքներ, որոնք հիմնավորում են մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու փաստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին՝ ժամը 14։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ