Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար. Վիգեն Հակոբյան. «Փաստ»

Հունիս 10,2025 10:29

«2018 թվականից սկսած՝ իշխանությունը վերցնելուց հետո զուգահեռաբար սկսեցին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։ Այդ ժամանակ արդեն նշմարվեց, որ նոր իշխանության ռազմավարության մեջ, որպես թիրախ, մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բազմիցս տեսել ենք, թե իշխանություն-Եկեղեցի հարաբերություններն ինչ մակարդակի վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք իշխանությունների՝ օրեր շարունակ տևած և չդադարող զազրախոսություններին՝ ուղղված մեր երկրի հոգևոր կառույցին և նրա սպասավորներին։

Հակոբյանի խոսքով, իշխանությունների ռազմավարությունն է ոչ միայն վարկաբեկել Եկեղեցին, այլ նաև հետագայում փորձել նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այդ թվում՝ կարգավիճակը փոխելով։

Ընդգծում է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի չկայացած պետություն է։ «Հայաստանը «failed state» է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այն փաստացի կորցրել է պետականության բոլոր ատրիբուտները։ Պետություն է, որը կորցրել է սուվերենությունը, արտաքին կառավարման ներքո է առնվազն 2020 թ. պատերազմից հետո, ընդ որում՝ այդ արտաքին կառավարումը բազմավեկտորային է, յուրաքանչյուր ուժային կենտրոն իր մասն ունի այդ կառավարման մեջ, նայած, թե ում ինչ է հետաքրքրում, և դրանից ելնելով՝ յուրաքանչյուրն իր լծակն ունի այսօրվա իշխանության պարագլխի և ներկայացուցիչների վրա։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դարձել է արտաքին կառավարումն իրականացնող գործիք։ Իսկ արտաքին կառավարումը վերջին տարիներին իրականացվում է Թուրքիայից և Ադրբեջանից։ Ինչո՞ւ եմ սա մանրամասնում։ Երբ Հայաստանը կորցրել է իր անկախությունը, իր փաստացի պետականությունը, Հայ առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել պետականության գաղափարը պահպանելու, հայապահպանության հարցերը։ Հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ամենից, ինչը հայկական է, ժխտում է հայրենիքի գաղափարը՝ առաջ քաշելով «իրական Հայաստանի» արհեստական գաղափարը։ Եվ այս իրավիճակում Եկեղեցին անցել է իր ամենասովորական գործառույթին՝ երբ չկա պետականություն, Եկեղեցին զբաղվում է այլընտրանքային պետություն լինելով՝ առաջ քաշելով բոլոր այն գաղափարները, որոնք բնորոշ են հայկականությանը։ Այն, ինչ Վեհափառն ասաց Շվեյցարիայում, հակասում է Նիկոլ Փաշինյանի պարտվողական թեզերին»,-հավելում է նա։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը գնացել է «վա բանկ»։ «Երբ նա անդրադառնում է Եկեղեցու հոգևոր սպասավորների, նաև Վեհափառի անձնականին վերաբերող հարցերին, «կրակում» է վերջին փամփուշտը։ Մի քիչ դժվար է պատասխանել, թե նա էլ ինչի մասին կարող է խոսել։ Ասում է բաներ, որոնք, առհասարակ, հակասահմանադրական են։ Օրինակ՝ Կաթողիկոսին պետք է ընտրի ամբողջ հայությունը, Եկեղեցին ժողովրդին է պատկանում և այլն։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր նույն բանը գրելով՝ փորձում է սադրել Եկեղեցուն։ Գուցե արմատական տրամադրված շրջանակների մոտ կային գերսպասումներ Եկեղեցուց, մասնավորաբար, որ նա կօգտագործի իր ձեռքում եղած գործիքներն այս իշխանության դեմ։ Օրինակ՝ նա կարող էր դիմել իր հոտին, որ վերջինս պաշտպաներ Եկեղեցին ոտնձգություններից, գործի դներ բանադրանքի ինստիտուտը և այլն։ Այս պահի դրությամբ Եկեղեցին չի գործադրել իր գործիքակազմից և որևէ մեկը, բացի քարոզչականից։ Իշխանությունն՝ ի դեմս իր վարչապետի, օգտագործել է իր գրեթե բոլոր «փամփուշտները»՝ անընդհատ պտտվելով Վեհափառի անձնականին վերաբերող թեմայի շուրջ։ Մի պահ փորձեցին առաջ բերել մանկապղծության թեման, բայց դա այնքան արհեստական էր, որ չստացվեց։ Նրանք ուզում էին արտաքին աշխարհի համար հասկանալի լեզվով խոսել։ Մանկապղծությունը կաթոլիկ եկեղեցու խնդիրներից մեկն է, մեր երկրի իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իրենք էլ են նույն երևույթի դեմ պայքարում, չկան անձնական հարցեր»,-ասում է նա։

«Սկսում են նոր մեղավորների փնտրտուքը։ Ինչ մեղավոր ասես կարգել են՝ «նախկինները», Պուտինը, Արևմուտքը, ԱՄՆ-ն, հիմա նաև Հայ առաքելական եկեղեցին է «մեղավոր»։ Փորձում են այստեղ միավորներ հավաքել այն հույսով, որ Եկեղեցուց ոչ բոլորն են գոհ։ Եկեղեցուն թիրախավորելով՝ փորձում է կոնսոլիդացնել աղանդավորականներին։ Տարբեր հրապարակումներով՝ նրանց թիվը 350 հազարից ոչ պակաս է։ Նա փորձում է կոնսոլիդացնել ցանկացած ռեսուրս, որը կապահովի իր իշխանության վերարտադրությունը։ Քանի որ գիտի՝ եթե իր իշխանությունը չվերարտադրվի, դա իր համար գոյաբանական խնդիր է։ Նրա ռեսուրսները բավականին սահմանափակ են, որ իր վարկանիշն ավելանա։ Հավելեմ՝ եթե նույնիսկ «Խաղաղության պայմանագիր» ստորագրի, Ալիևը վերջին պահին քարոզչական նվեր անի Փաշինյանին, դա որևէ նշանակություն չի ունենալու, քանի որ իր խոսքին այլևս հավատացող չկա։ Այդ իսկ պատճառով նա փորձում է իրավիճակը փոխել երկրում, այսպես ասենք՝ «խաղի սեղանը շուռ տալ», նոր իրավիճակ ստեղծել։ Սրում է իրավիճակը, հայհոյում այն ակնկալիքով, որ իրեն էլ հայհոյեն, և առիթ ունենա ուժային ինչ-որ մեթոդների դիմելու և այլն։ Այս ամենում ներվ կա, դա տեսնում ենք իր և՛ խոսույթում, և՛ գործողություններում։ Այդ ներվը պայմանավորված է իրականությամբ։ Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար։ Ընդ որում, եթե իր այդ էլեկտորատին հարցնես, թե ինչո՞ւ ես ընտրում Նիկոլ Փաշինյանին, չեն կարող հստակ պատասխան տալ, այս պարագայում գործ ունենք «քաղաքական աղանդի» հետ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30